Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման երկուշաբթի օրը վավերացրել է «Մամուլի ազատության Դենիել Փըրլի օրենքը», որի համաձայն` Պետդեպարտամենտը մարդու իրավունքների տարեկան զեկույցներում առանձնահատուկ ուշադրություն է հատկացնելու մամուլի ազատության սահմանափակման եւ լրագրողների ահաբեկման հետ կապված խնդիրներին։

Պետդեպարտամենտը տարեկան զեկույցներում յուրաքանչյուր երկրի պարագայում պետք է նշի` այն սահմանափակո՞ւմ է մամուլի ազատությունը, մերվո՞ւմ է ոտնահարումների հետ։

Փաստաթուղթը ստացել է լրագրող Դենիել Փըրլի անունը։ Փիրլը The Wall Street Journal-ի Հարավային Ասիայի բաժնի ղեկավարն էր, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո նա մեկնել էր Պակիստան։ Ահաբեկիչները Փըրլին Կարաչիում առեւանգել եւ 2002 թվականի փետրվարի 1-ին գլխատել են, ապա այդ դաժան սպանության տեսագրությունը տեղադրել ինտերնետում։

«Նոր օրենքով մենք հստակ մեր աջակցությունն ենք հայտնում լրագրողական ազատությանը», - փաստաթուղթը ստորագրելուց հետո ասել է նախագահ Օբաման եւ դրվատել «խիզախությունն ու անկեղծությունը, որը Փըրլի ընտանիքը ցուցաբերում է մամուլի ազատությունը պաշտպանելու գործում»։

Նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ամբողջ աշխարհում կան մեծ թվով աներեւակայելի խիզախ լրագրողներ եւ բլոգերներ, ովքեր` ռիսկի ենթարկվելով, փորձում են լույս սփռել իրենց երկրների մարդկանց համար կարեւոր հարցերի վրա։

Սպանված լրագրող Դենիել Փըրլի այրին` Մարիաննան, որդին` Ադամը, ով ծնվել է հոր վախճանից երեք ամիս անց, լրագրողի հայրը` Ջուդեան եւ մայրը` Ռութը, ինչպես նաեւ քույրերը` Միշելը եւ Թամարան, ներկա են եղել նախագահի Օվալաձեւ սենյակում օրենքի վավերացմանը։ Նախագահ Բարաք Օբաման ասել է, որ «Դենիել Փըրլի ժառանգությունը մնացել է մեզ հետ»։

2003 թվականին Պակիստանում ձերբակալված եւ այժմ ամերիկացի իրավապահների հսկողության տակ գտնվող Խալիդ Շեյխ Մոհամեդը, ով համարվում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչներից մեկը, խոստովանական ցուցմունքներում հայտնել է, որ անձամբ ինքն է գլխատել Դենիել Փըրլին։

Ահաբեկչության եւ զանգվածային սպանությունների մեջ մեղադրվող Խալիդ Շեյխ Մոհամեդը սպասում է դատարանի որոշմանը. արդեն հայտնի է, որ մահապատժից զատ որեւէ այլ վճիռ չի կայացվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG