Մատչելիության հղումներ

logo-print

Խալաֆյանի հարազատները համաձայն չեն դատաբժշկական եզրակացության հետ


Անցած ամիս Ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի հարազատները համաձայն չեն անցած շաբաթ հրապարակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ, որով չի բացառվում, թե երիտասարդը ինքնասպան է եղել:

Անցած ամիս Ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի հարազատները համաձայն չեն անցած շաբաթ հրապարակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ, որով չի բացառվում, թե երիտասարդը ինքնասպան է եղել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վահան Խալաֆյանի հարազատները կրկին պնդեցին, որ ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկված երիտասարդը չէր կարող ինքնասպան լինել:

«Այդ ինչպե՞ս կարողացավ ծեծի ու խոշտանգումների ենթարկված երիտասարդը վեր կենալ, դանակ գտնել ու ինքնասպան լինել», - վրդովված հարցնում էր Վահանի հորեղբայրը՝ Հմայակ Խալաֆյանը:

Իսկ այն, որ մահացած երիտասարդը բազմաթիվ վերքեր ու վնասվածքներ է ունեցել, փաստում է նաեւ դատաբժշկական փորձաքննությունը:

«Արյունազեղման տեղ կա գագաթին, քթի հիմքում, բերանի խոռոչում, ուղղաձիգ հարվածներ դանակի հարվածի տեսքով որովայնի վերեւի մասում... Ես ուղղակի զարմանում եմ՝ այդքան վնասվածք հասցնեն մարդուն, ինքը [դրանից հետո] ինչպես կարող է բարձրանալ ու իրեն խփել: Առնվազն ինքը գետնին ընկած պիտի լիներ, ցավերի մեջ, գալարվելով... Ո՞նց կարող էր վեր կենալ ու այդպիսի քայլի դիմել: Այդքանից հետո ինքը իրեն հարվածողին կխփեր, այդ քրեականի պետ կոչեցյալին կխփեր», - շարունակեց վրդովվել Հմայակ Խալաֆյանը:

Վահան Խալաֆյան
24-ամյա երիտասարդի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նկարագրված են այն բազմաթիվ վնասվածքները, որոնք Վահանը ստացել է մահանալուց առաջ, ինչը խոսում է այն մասին, որ մահանալուց առաջ նրան ոստիկանությունում ուղղակի տանջանքների են ենթարկել:

Խալաֆյանի հարազատները լուրջ ուշադրություն են դարձնում այն վնասվածքներին, որոնք առաջացել են բութ առարկայի հարվածներից: Հարազատները հնարավոր են համարում, որ հենց այդ հարվածներն են դարձել երիտասարդի մահվան պատճառ:

«Թող դա պարզվի, թե այդ բութ առարկայով ինչու են խփել գլխին», - ասաց Հմայակ Խալաֆյանը:

Եզրակացության մեջ նշվում է, թե Վահանը մահացել է «ներքին սուր արյունահոսությունից», որի պատճառ է հանդիսացել «որովայնի շրջանում սուր կտրող գործիքով հասցված վերքը»: Որովայնի շրջանում, ըստ եզրակացության, երիտասարդը եւս մեկ սուր կտրող գործիքով հասցված վերք է ունեցել: Պաշտոնական վարկածով, հետեւաբար, ստացվում է, որ խոշտանգումների ու ծեծի ենթարկված երիտասարդը ոչ միայն կարողացել է ինչ-որ պահարանից ինչ-որ դանակ գտնել, այլեւ ի վիճակի է եղել երկու անգամ իրեն հարվածել:

Այս անհավանական վարկածը բացառելուց բացի, Վահանի հարազատները ուշագրավ են համարում, որ, ըստ մատնադրոշմային փորձաքննության եզրակացության, այն դանակի վրա, որով հասցրած հարվածներից մահացել է Խալաֆյանը, եղած մատնահետքերը «նույնականացման ենթակա չեն»: Սա նույնպես, ըստ Վահանի հարազատների, խիստ կասկածելի է:

«Եթե ինքը իրեն խփել է, դա համարվում է ոստիկանության համար երկաթե ալիբի՝ եթե իրենք կարողանային ապացուցել, որ իր մատնահետքերն են: Բայց չկա մատնահետք», - ասաց Վահանի հորեղբայրը:

Նա նաեւ ասաց, որ ամեն ինչ անելու են իրականությունը բացահայտելու եւ մեղավորներին օրենքի շրջանակներում պատժելու ուղղությամբ: Ըստ մահացած երիտասարդի հարազատների, պետք է պատասխան տան նաեւ ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր ոչ միայն մասնակցել են երիտասարդի խոշտանգումներին, այլեւ բոլոր նրանք, ովքեր տեղյակ են եղել, լսել են ծեծի ձայները, բայց որեւէ քայլ չեն ձեռնարկել այդ ամենը կանխելու համար:

«Սա այն գործն է, որ այսօր մեր ընտանիքի հետ է եղել, վաղը հնարավոր է մյուսների հետ պատահի: Դրա համար պիտի մոբիլիզացվի ջանքերը... Որովհետեւ սա ընդհանուր պատուհաս է ազգի գլխին», - եզրափակեց Հմայակ Խալաֆյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG