Մատչելիության հղումներ

«Վրաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն օրինակելի են»


Միխեիլ Սահակաշվիլին եւ Ռեջեփ Էրդողանը կատարում են Բաթումիում թուրքական ընկերության կառուցած «Շերաթոն» հյուրանոցի բացումը, 17-ը մայիսի, 2010թ.
Միխեիլ Սահակաշվիլին եւ Ռեջեփ Էրդողանը կատարում են Բաթումիում թուրքական ընկերության կառուցած «Շերաթոն» հյուրանոցի բացումը, 17-ը մայիսի, 2010թ.
«Վրաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն օրինակելի են», - երկուշաբթի օրը Բաթումիում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվին:

«Բազմաթիվ պետությունների ղեկավարների հետ ես իրոք շատ լավ հարաբերություններ ունեմ: Բայց այն հարաբերությունները, որ առկա են Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ, ես կարող եմ միայն մի բառով բնութագրել` օրինակելի: Անկարայի եւ Թբիլիսիի միջեւ ձեւավորված հարաբերությունները կարող են օրինակ ծառայել թե' ողջ Եվրոպայի եւ թե' տարածաշրջանի պետությունների համար: Որեւէ այլ տեղ չեք տեսնի, որ խնդիրները լուծվեն նման արագությամբ` լինի դա նախարարների թե իմ ու Ռեջեփ Էրդողանի շփումների մակարդակով», - ասել է Վրաստանի նախագահը:

Հիշեցնելով, որ Էրդողանի ծնողները Ստամբուլ են տեղափոխվել Թուրքիայի այն շրջանից, որը սահմանակից է Աջարիային, Սահակաշվիլին հայտարարել է. - «Ես կարող եմ ասել, որ այսօր Թուրքիայի վարչապետը տուն է վերադարձել»:

Թուրք - վրացական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար Սահակաշվիլին Էրդողանին նաեւ «Ոսկե գեղմ» շքանշանով է պարգեւատրել:

Վրաց փորձագետները, սակայն, նշում են, որ չնայած թուրքական ղեկավարության հասցեին հնչեցվող այս բոլոր գովեստի խոսքերին` պաշտոնական Թբիլիսին լրջորեն մտահոգված է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ջերմացումից:

Թբիլիսիում գործող Ռազմավարության եւ զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրո Բարնովը ընդգծում է. - «Մոսկվայի եւ Անկարայի մրցակցությունն այնուհանդերձ պահպանվում է, ինչը նշանակում է, որ Վրաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը հազիվ թե փոփոխվի: Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում որոշակի հավասարակշռություն ապահովել, որպեսզի հետագայում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը վտանգի տակ չդնի Անկարայի շահերը Հարավային Կովկասում»:

Թբիլիսցի տնտեսագետ Դավիթ Նարմանիայի խոսքերով էլ` երկուշաբթի օրը Բաթումիում տեղի ունեցած բանակցությունների առանցքային թեմաներից մեկը երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումն է եղել: Վրաց փորձագետը նշում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների լիակատար սառեցման ֆոնին` Թուրքիայի հետ սահմանը վրացական տնտեսության համար առանցքային նշանակություն է ձեռք բերել:

«2006-ին, երբ ռուսները տնտեսական էմբարգո նախաձեռնեցին` զրոյի հասցնելով երկկողմ ապրանքաշրջանառությունը, միայն Թուրքիայի հետ տնտեսական ամուր կապերի գոյությունն էր, որ թույլ տվեց խուսափել գների կտրուկ աճից», - նշում է Նարմանիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG