Մատչելիության հղումներ

Ինտերնետային հա՞րկ


ՄԱԿ-ի կառույցներից մեկը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Ժնեւում տարեկան ժողով է գումարել։ Օրակարգում բազմաթիվ հարցեր են, առանցքայինը առողջապահության համար ֆինանսական միջոցներ հայթայթելն է։ Եվ այստեղ առաջարկվում են փողի տարբեր աղբյուրներ, մասնավորապես` անուղղակի հարկեր։

Ըստ ՄԱԿ-ի փորձագետների, զենքի տարեկան վաճառքի 10 տոկոսի հարկումը կապահովի 5 միլիարդ դոլար։

2006 թվականի սեպտեմբերից կիրառվող ավիատոմսերի լրացուցիչ հարկերի շնորհիվ արդեն հաջողվել է 1 միլիարդ դոլար փոխանցել մալարիայի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ թոքախտի դեմ պայքարին։

Երրորդ առաջարկը վերաբերում է միջազգային ֆինանսական փոխանցումներին։ Մի քանի տարի առաջ Բրազիլիան սահմանել է 0.38 տոկոսի հարկ ինտերնետով կատարվող փոխանցումների եւ բանկերից կանխիկ դրամով մեծ գումարներ վերցնելու համար։ Դա ապահովել է տարեկան 20 միլիարդ դոլար, ինչը բավական է կառավարության սոցիալական ծրագրերի 87 տոկոսը ֆինանսավորելու համար։

Չորրորդ առաջարկը, ամենայն հավանականությամբ, կհարուցի հարյուր միլիոնավոր մարդկանց զայրութը, այն անվանում են «դիգիտալ» հարկ։ Ինտերնետում նյութեր որոնելը, մի կայքէջից մյուսը անցնելը կարող է գանձվել, ասենք, 1 ամերիկյան ցենտի չափով, ինչը կապահովի տասնյակ միլիարդներ։

Փորձագետ դոկտոր Մերի Մորանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է, թե այս պահին խոսքը ոչ թե առաջարկների, այլ քննարկմանը ներկայացվող ընդհանուր ուղղությունների եւ գաղափարների մասին է։

«Դիգիտալ հարկ սահմանելու համար կպահանջվի հսկայական աշխատանք, պետք է պարզել` ի զորո՞ւ ես դա անել, ինչքա՞ն գումար կհավաքես, ինչպե՞ս ես գանձելու. կան այդպիսի շատ հարցեր», - ասել է Մերի Մորանը։

«Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Նիկոլա Կրաստեւի կարծիքով, բոլոր դեպքերում` այս հավանական նորամուծությունները մոտ ապագայի խնդիր չեն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախ ի գիտություն է ընդունելու փորձագետների այս շաբաթվա քննարկումներից հետո կազմվելիք զեկույցը եւ այն փոխանցելու է գործադիր խորհրդին։

Եթե ՄԱԿ-ը հավանություն տա առաջարկներին, ապա նոր կսկսվի աշխարհի կառավարություններին համոզելու երկարատեւ աշխատանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG