Մատչելիության հղումներ

Մայիսի 18-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե շրջակայքում բոլորը զբաղված են ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ` բացի մեզանից: Ինչ ձեւաչափով ասես, որ բանակցությունները չեն ընթանում` Ռուսաստան - Միացյալ Նահանգներ, Թուրքիա - Ռուսաստան, Թուրքիա - Ադրբեջան, Միացյալ Նահանգներ - Թուրքիա եւ այլն: Ընդ որում, ամենաակտիվը թուրքերն են»:

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտյալ Համլետ Ստեփանյանի հանկարծամահ լինելու առնչությամբ «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասում է. - «Որեւէ բան չեմ բացառում, Հոկտեմբերի 27-ի դատավարությունն ինքնին՝ իր արդյունքներով, կասկածներ ստեղծեց հայ հասարակության մեջ: Այն հանգամանքը, որ մեծ ժամկետներով դատապարտված 7 անձանցից 3-ն արդեն մահացած են, պատահականության հետեւանք համարել հնարավոր չէ: Իհարկե, մարդիկ կյանքում էլ էլեկտրահարվում են, հանկարծամահ են լինում կամ ինքնասպանություն գործում, բայց այստեղ գործ ունենք 7-ից 3-ի հետ, եւ, համաձայնեք, որ այդքան պատահականությունները քիչ հավանական են, եւ ինքնին կասկածի տեղիք են տալիս: Ավելին՝ եթե ավելացնենք, որ նման պատահականությունները միշտ տեղի են ունենում այն ժամանակահատվածներում, երբ երկրում որոշակի փոփոխությունների կամ իշխանությունների համար սպասելիք վտանգների կամ ներքաղաքական ակտիվ իրավիճակներ են, սրա վրա էլ աչք փակելը անհնար է»:

Նույն թեման է շոշափվում «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում: Հոդվածագիրը հարցադրում է անում ու ինքն էլ պատասխանում. - «Իսկ գուցե չարժե՞ այսքան կասկածամիտ լինել: Գուցե դատապարտյալն իսկապե՞ս հանկարծամահ է եղել առանց կողմնակի միջամտության, եւ չարժե դավադրություն փնտրել: Շատ հավանական է, որ հենց այդպես էլ եղել է, բայց խնդիրը, մեծ հաշվով, դա չէ: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է հոկտեմբերի 27-ի ոճրագործների հետ կապված ցանկացած միջադեպ հասարակության մեջ հենց այդպիսի արձագանք ստանում: Ի վերջո, «պաշտոնապես» հոկտեմբերի 27-ի ոճրագործների թիկունքին որեւէ ուժ չի եղել, նրանք «մի խումբ ռոմանտիկներ» են եղել, գործել են միայնակ եւ այլն: Բայց արդյո՞ք հասարակության մեջ շատ են մարդիկ, ովքեր հավատում են դրան: Գործնականում այդպիսի մարդիկ չկան նույնիսկ իշխանական օղակներում: Բոլորն էլ վստահ են, որ հոկտեմբերի 27-ը լավ էլ կազմակերպիչներ է ունեցել: Ընդ որում, այդ վստահությունը ոչ թե կոնկրետ փաստերի, այլ ընդամենը իրադարձությունների վերլուծության վրա է հիմնված»:

«Առավոտ»-ի խմբագրականն անդրադառնում է վերջին օրերին մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է իշխանական համակարգի ներսում դավադրություն իրականացնել: Այս կապակցությամբ թերթի խմբագիրը նկատում է. - «Իհարկե, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Բայց ուզում եմ ընթերցողների ուշադրությունը հրավիրել այսօրվա եւ 98-ի իրավիճակների տարբերության վրա: Պալատական հեղաշրջումն այն ժամանակ է հաջողվում, երբ նրա մասնակիցները ռեալ իշխանություն ունեն, ինչպես եւ տեղի էր ունեցել 12 տարի առաջ: Ռեալ իշխանությունն այսօր նախագահի, կառավարության եւ, ամենակարեւորը՝ ուժային կառույցների ձեռքն է: Կա՞ որեւէ նշան, որ դրանց ղեկավարները պատրաստ են դավաճանել նախագահին եւ իրենց երդմանը: Ինձ թվում է, այս պահին նման նշաններ չկան: Բայց թե ինչու են այդ խոսակցություններն առաջացել՝ միանգամայն բացատրելի է: Ընդդիմությունը, իհարկե, շահագրգռված է նման լուրերի տարածման մեջ՝ ցույց տալու համար, թե որքան թույլ է ներկայիս իշխանությունը, եւ որքան խորն են դրա ներսում հակասությունները: Բայց եթե նույնիսկ մի կողմ դնենք այդ հանգամանքը, պետք է արձանագրել. մենք պատրաստ ենք հավատալ այդ լուրերին այն պարզ պատճառով, որ քաղաքական գործունեությունը Հայաստանում զգալիորեն վարկաբեկվել է, եւ որեւէ տեղաշարժի հնարավորություն մարդիկ տեսնում են միայն որպես ներիշխանական «մուտիլովկաների» արդյունք»:

«Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը մեկնաբանում է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի մի քանի օր առաջ հնչեցրած հետեւյալ հայտարարությունը. - «Ես մնում եմ այն համոզմունքին, որ երկրից գնացողների մի զգալի մասը գնում են բարոյական, արդարության հետ կապված խնդիրների, եւ ոչ թե նյութական պատճառներով։ Այսինքն՝ երկրում ինչ-որ մի բան այն չէ, ես կարծում եմ՝ 95 թվականից սկսած»։ Հոդվածագիրը նկատում է. - «Առաջին հայացքից կարող է թվալ, թե Արմեն Հարությունյանը Հայաստան է վերադարձել բազմամյա վտարանդությունից հետո, ինչը արդարացնում է հարազատ երկրից նրա անտեղյակությունը։ Ինչի՞ համար են «ինչ-որ բան այնպես չէ կարգի անորոշ ձեւակերպումները։ Ամեն ինչ շատ պարզ է. սահմանադրությունն ու երկիրը ապրում ու գործում են իրարից առանձին։ Եվ խնդիրն, իհարկե, այն չէ, որ սահմանադրությունը մեզանում վատն է։ Վատ սահմանադրություն ընդհանրապես չի լինում։ Աշխարհում ամենաժողովրդավարական սահմանադրություններ ստեղծել են բոլորը, ովքեր չեն ալարել, ինչի արդյունքում տեքստի ժողովրդավարականությունը դադարել է որեւէ մեկին հետաքրքրել։ Առավել արդիական է դարձել դրա պահպանելիության հարցը»։

Անցած կիրակի Արարատի մարզի երեք գյուղերում կայացած ընտրություններում ՀՀԿ-ական թեկնածուների պարտության կապակցությամբ «Հրապարակ» թերթը նկատում է. - «Այս փոքրիկ ուրախալի փաստերը խոսում են այն մասին, որ «մեր դեմ խաղ չկա» լոզունգը միշտ չէ, որ աշխատում է մեզանում: Հանրապետականի եւ ընդհանրապես իշխանության դեմ «խաղ կա»: Կա անգամ մի փոքրիկ համայնքում, որտեղ ո'չ զինված ուժեր կան, ո'չ գողականներ, ո'չ բարիկադներ ու ֆիդայիներ, որ դիմագրավեն իշխանական ճնշմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG