Մատչելիության հղումներ

Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ քննարկումները շարունակվում են


Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության մշակած օրինագիծը, որով հանրապետությունում հնարավորություն է ստեղծվում հիմնել օտարալեզու դպրոցներ, կառավարությունն արդեն ուղարկել է Ազգային ժողով, դրա շուրջ քննարկումները, մինչդեռ, չեն դադարում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը (ՀՀԿ) պարզաբանեց, թե օտար լեզուներով դասավանդումը նախատեսվում է միայն ավագ դպրոցների համար, բացի այդ՝ դրանք չեն լինի պետական դպրոցներ: Իսկ մյուս հարցերը, ըստ նախարարի, նախատեսում էին կարգավորել նորմատիվ ակտերով:

Անցած շաբաթավերջին խնդրի առնչությամբ հայտարարությամբ էր հանդես եկել «Ժառանգություն» կուսակցությունը, որում, մասնավորապես, ընդգծված է, որ Հայաստանում օտարալեզու դպրոցները կարող են լինել «միայն ոչ պետական» եւ«սահմանափակ թվով ավագ դպրոցներ», որտեղ հայագիտական առարկաները պարտադիր կլինեն Հայաստանի քաղաքացիների համար:

«Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեով պետք է ֆինանսավորվեն հայերեն լեզվով դասավանդող դպրոցները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ հավելելով. - «Մենք չենք բացառում, որ ոչ պետական ավագ դպրոցները կարող են գործել Հայաստանի Հանրապետությունում օտար լեզուներով»:

ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության նախնական դիրքորոշումը օրինագծի վերաբերյալ եւս բացասական է: Խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի խոսքով, իրենք լուրջ վտանգներ են տեսնում, հատկապես, եթե «օրենքից դուրս բերվի ընդհանրապես հայոց լեզվի՝ որպես հանրակրթության լեզվի մասին դրույթը»:

«Մեր պահանջն է, որ խորհրդարանական լսումներ լինեն այս թեմայով, որովհետեւ սա քաղաքական հարց չէ, քաղաքական կողմնորոշման, դիրքորոշման խնդիր այստեղ չի դրված: Սա խորը մասնագիտական քննարկման հարց է», - հավելեց Հովհաննիսյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես կարծում է, որ լուրջ քննարկում է անհրաժեշտ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը եւ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեցին, որ շարունակում են հարցի քննարկումը մասնագետների հետ:

«Այն, որ մենք պիտի ունենանք մրցունակ աշակերտ, պիտի ունենանք մրցունակ ուսանող, դա միանշանակ է, բայց միանշանակ է նաեւ, որ այդ ամենը պիտի լինի անպայմանորեն ոչ ի հաշիվ հայոց լեզվի», - նշեց Նաիրա Զոհրաբյանը

ՀՀԿ-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց. - «Ինչ որ անելու լինենք, ազգային դպրոց հասկացողության սահմաններից դուրս չի լինելու»:

«Նախագիծը այս պահին լրամշակվում է, մի այլ նախագիծ կգա: Խնդիրը վերաբերում է նրան, թե պետության անվտանգության համար ինչն է անհրաժեշտ: Սկզբունքն էլ հետեւյալն է՝ ոչ միայն լեզուների խորացումը, այլեւ մասնագիտական առարկաների շրջանակներում լեզուների խորացումը», - հավելեց Գալուստ Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG