Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովում շարունակվում է զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնող օրինագծի քննարկումը


Խորհրդարանը երկուշաբթի օրը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կոալիցիոն խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ մշակված օրինագծերի փաթեթը, որով զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնող փոփոխություններ են նախատեսվում Քաղաքացիական, Քրեական եւ Քրեական դատավարության մասին օրենսգրքերում։

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հայտարարեց, որ փաթեթի լրամշակված տարբերակը համապատասխանում է ներկայացվող պահանջներին, հաշվի են առնված հանրային քննարկման արդյունքները եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների առաջարկները:

«Եվ բոլոր այն խնդիրները, մտահոգությունները, որոնք կային քննարկումների նախնական փուլում, կարծես թե, իրենց լուծումը ստացել են», - ասաց նա:

Ըստ նախագծի, զրպարտությունը եւ վիրավորանքը կդադարեն քրեորեն հետապնդելի արարքներ լինել: Այսինքն, այն անձը, որը արատավորված է համարում իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, կարող է դիմել դատարան` իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձի դեմ, եւ պահանջել վնասի հատուցում: Հատուցումը կարող է լինել ներողության, հերքման կամ տուգանքի տեսքով:

Պատգամավորները հիմնականում դրական արտահայտվեցին նախագծին՝ նշելով, որ նվազեցված են այն ռիսկերը, որոնց մասին ամիսներ շարունակ բարձրաձայնում էին լրատվամիջոցները:

«Ըստ էության, փոփոխությունը մտցրել է որոշակի հստակեցումներ, որպեսզի օրենքը, որը շատ զգայուն սահմանումներ ունի, չտա տարընթերցումների հնարավորություն», - իր ելույթում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, օրինագիծը «իսկապես եկել է քրիստոնեական տեսքի»:

Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ փոփոխությունների փաթեթի լրամշակված նախագիծը լրագրողին ավելի պաշտպանված է դարձնում, քան նախնական տարբերակում էր, բայց նաեւ մի շարք մտահոգություններ հնչեցրեց, մասնավորապես՝ որ «հստակ չեն ձեւակերպվել զրպարտության չափանիշները եւ հոդվածը շատ նման է Քրեական օրենսգրքի սուտ մատնության հոդվածին», ինչը կարող է չարաշահումների առիթ դառնալ:

«Քանի որ այդ ձեւակերպումը այդքան էլ հստակ չի տարանջատում սուտ մատնությունը զրպարտությունից, մենք հստակ չենք կարող ասել, որ այդ օրինագծով ապաքրեականացվում է զրպարտությունը», - ասաց նա:

Բորիս Նավասարդյանի մատնանշած հաջորդ մտահոգությունն այն էր, որ վնասի հատուցման չափը դատարանն է որոշելու:

Իսկ դրական փոփոխությունը, ըստ Նավասարդյանի, այն է, որ զրպարտության կամ վիրավորանքի տարածման համար լրատվամիջոցի եւ ֆիզիկական անձանց պատասխանատվությունը հավասարեցվում է։ Իսկ եթե հասարակական միջոցառման ժամանակ հրապարակայնորեն զրպարտություն է հնչում, եւ լրատվամիջոցը մեջբերում է դա, ապա լրատվամիջոցը չպետք է պատասխանատվություն կրի:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ողջունելով զրպարտության հոդվածի ապաքրեականացումը, որի դեպքում ազատ արտահայտվելու համար մարդը քրեական հանցագործ չի դառնա, իսկ պատիվն ու արժանապատվությունը վիրավորված համարող մարդը կարող է բարոյական վնասի փոխհատուցում պահանջել՝ միաժանամակ մտահոգված է, որ համարժեք փոխհատուցման չափը դատարանը պետք է որոշի:

«Այն օրը, երբ պատասխանող կողմում հանդես կգա լրատվամիջոցը, իսկ հայցվոր կողմում, պահանջող կողմում՝ պետական պաշտոնյան, իշխանության ներկայացուցիչը, դատարանները դատարանները դժվար թե կարողանան անկողմնակալ եւ օբյեկտիվ որոշումներ կայացնել: Որպես կանոն, ես կարծում եմ, այդ որոշումները կլինեն ընդդեմ լրագրողների», - պարզաբանեց նա:

«Լրագիր» Էլեկտրոնային պարբերականի մեկնաբան Հակոբ Բադալյանը եւս լրագրողների աշխատանքի խոչընդոտման ռիսկեր տեսնում է. - «Մամուլի ցանկացած հրապարակում դատարանը ի վերջո կարող է որակել ինչ-որ մեկի հանդեպ վիրավորանք կամ զրպարտություն: Հատկապես, եթե նկատի ենք ունենում, թե ինչպիսի քաղաքական մշակույթ է Հայաստանում, քաղաքականությամբ զբաղվողների կազմը ինչպիսին է, պարզ է, որ մամուլը իրականությունը արտացոլելու դեպքում երբեմն ստիպված է լինում իրերը կոչել իրենց անուններով, եւ ցանկացած նման դեպքում դատարանը կարող է որոշում կայացնել, որ, ասենք, մարդու մականունը մատնանշելու դեպքում դուք զրպարտել կամ վիրավորել եք նրան»:
XS
SM
MD
LG