Մատչելիության հղումներ

Մայիսի 18-ին` թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի բազմաթիվ երկրներում բոլոր թանգարանները անվճար են այցելուների համար:

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 15-ին, Երեւանում ու մարզերում բազմաթիվ թանգարաններ անվճար բաց էին մինչեւ կեսգիշեր, այցելուները բազմազան էին ու բազմաքանակ, թանգարաններից շատերն էլ ներկայացել էին այլընտրանքային ծրագրերով:

Չարենցի տուն-թանգարանը, օրինակ, Ազգային պատկերասրահից պակաս մարդաշատ չէր, բայց տուն թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը պատմեց, որ սովորական օրերին էլ իրենք շատ այցելուներ են ունենում, քանի որ, ըստ նրա, իրենց թանգարանի հետ երիտասարդությունը կապված է: Թանգարանային գիշերվա կապակցությամբ Չարենցի թանգարանի լրացուցիչ ծրագիրը ուղեկցվում էր ճապոնական երաժշտության հնչյուններով ու թեյի հյուրասիրությամբ:

Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային խորհրդի` ԻԿՈՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն նախաձեռնել է «Մշակութային ժառանգությունը հասանելի է բոլորին» խորագրով ակցիա, որ տեղի կունենա ժամը 13-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում: Այն նպատակ ունի շեշտել, որ թանգարնները պետք է հասանելի լինեն տարբեր խմբերի հաշմանդամներին եւ սակավաշարժ մարդկանց, մինչդեռ այսօր Հայաստանում միայն Գաֆէսճեան արվեստի կենտրոնն է ամբողջովին հասանելի շարժական խնդիներներ ունեցող մարդկանց:

XS
SM
MD
LG