Մատչելիության հղումներ

logo-print
Կիրակի օրը Արարատի մարզի 10 գյուղերում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով` 9 գյուղերում թեկնածուներ առաջադրած իշխող Հանրապետական կուսակցությունից գյուղապետ են դարձել 6-ը, առավել թվով ձայներ հավաքած թեկնածուներից 3-ը անկուսակցական են, իսկ 1-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված արդյունքների, 2 գյուղերում` Հայանիստում եւ Սիսում, անկուսակցական թեկնածուները հաղթել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին: Սայաթ-Նովա գյուղում «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչը Հանրապետական կուսակցության ներկայացուցչից 90 ձայնով ավելի արդյունքով է դարձել գյուղապետ:

10 գյուղերից 3-ում էր առաջադրվել մեկական թեկնածու, նրանցից 2-ը` Հանրապետական կուսակցությունից, 1-ը` անկուսակցական:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ընտրախախտումների վերաբերյալ դիմում-բողոքներ չեն ստացվել:

Հայանիստում անկուսակցական Բալաբեկ Սարկիսյանը146-ով ավելի քվեներ ստացավ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, 22 տարվա գյուղապետ Գուրգեն Մարտիրոսյանից:

ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գուրգեն Մարտիրոսյանը ասաց. - «Իրեն շնորհավորելու եմ, եթե իմ կարիքը կզգացվի, իմ փորձը կցանկանա օգտագործել` խորհրդի կարգով, պատրաստ եմ օգնելու: Գյուղը չպիտի պառակտվի»:

Իսկ նախօրեին Հանրապետական կուսակցության թեկնածուն «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան վստահություն էր հայտնել, թե կհաղթի:

Ընտրությունների օրը Հայանիստում նկատելի էր մեծաթիվ ոստիկանների ներկայություն: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ինչո՞վ է դա պայմանավորված, գործող գյուղապետը պատասխանել էր. - «Քանի որ լարված է գյուղի մթնոլորտը, ոստիկանները կարգուկանոն են պահպանում, որ հանկարծ որեւիցե բան չլինի»:

22 տարի շարունակ գյուղապետի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Մարտիրոսյանին ընդդիմացող հայանիստցիներից մեկը մանրամասնել էր լարվածության բուն պատճառը. - «Լարվածություն կա, որովհետեւ գյուղապետը 22 տարի այստեղ ոչ մի բան չարեց գյուղի համար, ուրիշ գյուղից մարդ է հավաքել, եկել մեր գյուղի վրա` դա ճի՞շտ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG