Մատչելիության հղումներ

Ռոլֆ Բյոնկե. «Կարող ենք աջակցել` դարձնելու Հայաստանի տնտեսությունն ավելի ազատ»


«Մենք կարող ենք աջակցել` դարձնելու հայաստանյան տնտեսությունն ավելի մրցակցային, ավելի ազատ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն:

«Պարզ է, որ այն տնտեսությունը, որն ունի մրցակցային համակարգ, զարգանում է ավելի արագ ու լավ, քան այն, որը կենտրոնացած է մի քանիսի ձեռքերում», - ընդգծեց նա:

Անցած տարվա հոկտեմբերին Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան Երեւանում հայտարարել էր, որ հայաստանյան տնտեսությունն ունի օլիգոպոլ կառուցվածք, այդ գնահատականը կրկնել է նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք աջակցում ենք` ուժեղացնելու ոչ միայն մրցակցային տարրը, այլեւ նպաստում ենք առեւտրի զարգացմանը, որը միջոցներից մեկն է եւ որը տնտեսությունը դարձնում է ավելի առողջ», - նշեց Ռոլֆ Բյոնկեն` հավելելով. - «Բայց մյուս կողմից` սա բավականին բարդ հարց է: Իհարկե, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը գտնվել է տրանսֆորմացիայի մեջ, եւ այժմ վերակառուցման փուլն է»:

Հայաստանի համախառն ներքին արդյունքի եւ արտաքին պարտքի հարաբերակցության վերաբերյալ հարցին` արդյոք արտաքին պարտքի ծավալների աճը չի՞ մոտեցել վտանգավոր սահմանագծին, Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավարը արձագանքեց. - «Իհարկե, սահմանագիծ գոյություն ունի, որից հետո արտաքին փոխառությունը դառնում է բեռ տվյալ կառավարության համար եւ սկսում է շատ միջոցներ կլանել բյուջեից: Բայց Հայաստանը չի հասել այդ փուլին, եւ ձեր ֆինանսների նախարարությունն էլ շատ ուշադիր հետեւում է գործընթացին: Եվրամիության խորհրդատվական խումբն էլ, իր հերթին, աջակցություն է ցուցաբերում` ձեռնարկելու այն միջոցները, որոնք կիրառվում են Եվրոպական միությունում»:

Եվրամիության խորհրդատվական խումբը Հայաստանում գործում է արդեն շուրջ մեկ տարի: Այն Հայաստանի կառավարությանը խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում լավ կառավարման եւ կայուն տնտեսական զարգացման ոլորտներում` կոռուպցիայի դեմ պայքար, մաքսային քաղաքականության բարելավում եւ այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG