Մատչելիության հղումներ

Կիրակի օրը` ավելի քան 18 ժամ գործադրած դիվանագիտական ջանքերից հետո, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին հաջողվել է համաձայնության գալ Իրանի հետ, ինչը կարող է հարթել վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ առաջացած ճգնաժամը:

Կիրակի ուշ երեկոյան` բանակցությունների առաջին փուլի ավարտին, Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: « Ձեռք բերված պայմանավորվածության մասին պաշտոնական հաղորդագրությունը կտարածվի երկուշաբթի առավոտյան», - «Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ, ասել է Դավութօղլուն` առանց հավելյալ մանրամասների:

Նույն երեկոյան ավելի վաղ անակնկալ այցով Թեհրան էր մեկնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` հետաձգելով նախօրոք ծրագրված այցը Ադրբեջան: «Իրանը կարծես համաձայնություն է տվել ուրանը Թուրքիայի տարածքում հարստացնելու վերաբերյալ, եւ ես այժմ մեկնում եմ` տեղում մանրամասները հստակեցնելու համար», - այցից առաջ, «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել էր Էրդողանը:

Երկուշաբթի վաղ առավոտից Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի ղեկավարները Թեհրանում վերսկսել են բանակցությունները նախօրեին ձեռք բերված համաձայնության մանրամասների շուրջ:

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի միջեւ Թեհրանում կայացած բանակցությունների ավարտին Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը հաստատել է, որ պաշտոնական Թեհրանը համաձայնություն է տվել ուրանը արտերկրում հարստացնելու առաջարկին: Ձեռք բերված համաձայնությամբ` Իրանը իր ուրանի մեծ մասը հարստացման համար կուղարկի Թուրքիա, ապա կօգտագործի այն բժշկական հետազոտությունների համար նախատեսված ռեակտորում, փոխանցել է Մեհմանփարասթը:

Պաշտոնական Թեհրանը ամիսներ շարունակ մերժում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների ու Գերմանիայի ներկայացրած առաջարկը` ուրանը արտերկրում հարստացնելու վերաբերյալ: Ի պատասխան` միջազգային հանրությունը քննարկում էր Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Օրըստօրե խորացող ճգնաժամը հարթելու նպատակով միջնորդական առաքելությամբ հանդես եկան Իրանի հետ բարեկամական կապեր ունեցող Բրազիլիան եւ Թուրքիան, որոնք պնդում էին, թե դիվանագիտական ջանքերը չեն սպառվել, եւ հնարավոր է տարաձայնությունները հարթել առանց հավելյալ պատժամիջոցների: Ո'չ Ռուսաստանում, ո'չ Արեւմուտքում միջնորդական այս ջանքերի հետ լուջ հույսեր չէին կապում, միեւնույն ժամանակ հայտարարում էին, որ դրանք կարող են Թեհրանին տրված վերջին հնարավորությունը լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG