Մատչելիության հղումներ

Հայաստանցի վերլուծաբանները առաջիկայում ղարաբաղյան ուղղությամբ լուրջ տեղաշարժեր չեն սպասում


Ալեքսանդր Իսկանդարյան (ձախից) եւ Ռիչարդ Գիրագոսյան (աջից)
Ալեքսանդր Իսկանդարյան (ձախից) եւ Ռիչարդ Գիրագոսյան (աջից)
Հայաստանցի վերլուծաբանները քիչ հավանական են համարում, որ առաջիկայում ղարաբաղյան ուղղությամբ կարող են տեղի ունենալ լուրջ տեղաշարժեր: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին եւ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի` օրես Անկարայում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ արած հայտարարությանը, նման կարծիք հայտնեցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը եւ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մայիսի 11-12-ը Դմիտրի Մեդվեդեւի Թուրքիա կատարած երկօրյա պաշտոնական այցելության արդյունքում կողմերը ստորագրեցին մոտ 25 միլիարդ դոլարի պայմանագրեր, այդ թվում ռուսական ընկերության կողմից թուրքական առաջին ատոմակայանի կառուցման վերաբերյալ:

Նշված այցելության ընթացքում Ռուսաստանի նախագահը հայտարարեց. - «Օգտագործելով բոլոր հնարավորությունները` Ռուսաստանի Դաշնության հեղինակությունն ու ազդեցությունը, առաջ ենք մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, միեւնույն ժամանակ` այդ հարցում խորհրդակցելով նաեւ մեր թուրք գործընկերների հետ»։

Ռիչարդ Գիրագորսյանի կարծիքով. - «Մենք չպետք է որեւէ նոր բան սպասենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, բայց մենք ականատես ենք լինում մի հետաքրքիր զարգացման: Մեդվեդեւի այցելությունից առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը ազդանշան ուղարկեց, թե Մոսկվան ցանկանում է աշխատել Անկարայի հետ, որպեսզի վերջինս ավելի մեծ դերակատարում ունենա Մինսկի խմբի կողմից տարվող գործընթացում, բայց ոչ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ: Եվ Թուրքիայի համար դուռ է բացվում ներգրավվելու ղարաբաղյան խնդրի միջնորդության գործում, որն ամեն դեպքում լավ բան չէ եւ լավագույն ուղղությունը չէ»։

Փորձագետը հավելեց, թե չի կարծում, որ Մոսկվայում լրջորեն մտածում են ղարաբաղյան հարցում համագործակցել Անկարայի հետ, ավելի շուտ` ռուսական կողմը ձեւացնում է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրում լրջորեն հաշվի է առնելու Թուրքիայի կարծիքը:

Ռուսաստանի նախագահի Անկարա կատարած այցելությունից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց. - «Մենք անպայման փոխելու ենք Կովկասի ճակատագիրը եւ մի օր Կարսից դուրս եկած ավտոմեքենան կշարժվի դեպի Բաքու՝ ճանապարհին հանգիստ անցնելով Երեւանով, Քելբաջարով եւ Աղդամով»։

«Իրականում ռուսները լծակ չունեն ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբում, ո՛չ այդ խմբից դուրս», - ասում է Ռիչարդ Գիրագոսյանը. - «Եվ ռուսներն ուղղակիորեն ճնշում չեն բանեցնի Հայաստանի նկատմամբ, որովհետեւ նրանք զգում են, որ դա կլինի ապարդյուն»։

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես այն կարծիքին է, որ դժվար թե առաջիկայում ղարաբաղյան ուղղությամբ լուրջ տեղաշարժեր նկատվեն:

«Չեմ կարծում, թե Ղարաբաղի առնչությամբ կարելի է սպասել լուրջ, էական փոփոխություններ: Նոր հայտարարություններ, խոսակցություններ, հարցազրույցներ, իհարկե, կլինեն, որովհետեւ միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդիրը պարզ է` ղարաբաղյան գործընթացը պետք է ինչ-որ ձեւով վերակենդանացնել: Այն հայ-թուրքական գործընթացի ժամանակ ուղղակի մահացավ: Պետք է ինչ-որ բան անել` ղարաբաղյան գործընթացի հետ, եւ դա էլ տեղի է ունենում: Բայց որ լուրջ փոփոխություններ կլինեն Ղարաբաղի շուրջ, չէ, ես այդպես չեմ կարծում»:

Նշելով, որ այժմ տպավորություն է առաջանում, թե հայ-թուրքական գործընթացում նախաձեռնությունը ամերիկյան կողմից կրկին անցնում է Ռուսաստանին` Ռիչարդ Գիրագոսյանը անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ռուս-թուրքական ձեռք բերվող պայմանավորվածությունները մտահոգո՞ւմ են ամերիկյան կողմին: Գիրագոսյանը Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուի Բաքու և Երևան կատարած այցերը դիտարկեց այդ համատեքստում:

«[Քեյդենաուի] այցը ծրագրված էր վաղուց, բայց այն պետք է լիներ ավելի ուշ: Թուրքիա Մեդվեդեւի այցելության պատճառով, ինչպես նաեւ հայ-թուրքական եւ ղարաբաղյան ուղղություններում Ռուսաստանի նախաձեռնության հետեւանքով` ամերիկյան պաշտոնյայի այցելությունը արագացվեց, որպեսզի հակաքայլ արվի ռուսական նախաձեռնությանը: Բացի այդ` Քեյդենաուի այցելությունը նպատակ ուներ հող նախապատրաստել Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման համար: Օբամայի վարչակազմը որոշել է այդ պաշտոնին առաջադրել հենց Բրայզայի թեկնածությունը»:

Գիրագոսյանի կարծիքով, այս զարգացումները՝ Քեյդենաուի արագացված այցելությունը եւ Բրայզայի սպասվող նշանակումը Բաքվում, ցույց են տալիս, որ ի տարբերություն Բուշ-կրտսերի վարչակազմի՝ Օբամայի վարչակազմը մտադիր է հակազդել տարածաշրջանում ռուսական դիվանագիտությանը։

«Օբամայի վարչակազմը ասում է` մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և Հայաստանի համար պայքարել Ռուսաստանի դեմ», - եզրակացնում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG