Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ երկար սպասված ուղիղ չվերթները անհայտ պատճառներով հետաձգվում են։ Հայաստանի խոշորագույն «Արմավիա» մասնավոր ավիափոխադրողը եւ Քաղավիացիայի վարչությունը փոխադարձաբար մեղադրում են միմյանց։

Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեռ 2008 թվականի նոյեմբերին օդային հաղորդակցության ոլորտում ստորագրված «Բաց երկինք» համաձայնագիրը ուժի մեջ մտավ անցած տարվա հունիսին:

Դեռ նախորդ տարի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը կարծիք էր հայտնել, որ առաջին ուղիղ չվերթը հնարավոր կլինի իրականացնել մինչեւ 2009 թվականի ավարտը։ Պաշտոնյան նշել էր, որ մինչեւ ուղիղ չվերթի մեկնարկը ԱՄՆ-ի համապատասխան մարմինները պետք է այցելեն Հայաստան եւ ստուգեն թռիչքային եւ անվտանգության կանոնների ու պրակտիկայի համապատասխանությունը միջազգային եւ եվրոպական չափանիշներիններին։

«Պետական գործառույթը այս հարցում ավարտված է», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ մինչեւ այժմ ուղիղ չվերթ չի իրականացվում՝ հինգշաբթի օրը հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը՝ ընդգծելով. - «Մնում է մնացած հարցերը իրականացնի «Արմավիա» ավիաընկերությունը։ Նա պետք է հայտ ներկայացնի ամերիկյան ավիացիոն իշխանությունների եւ ըստ այդմ կազմակերպի թռիչքները»։

Մինչդեռ, «Արմավիա» ընկերությունը թռիչքների բացակայության համար մեղադրում է Քաղավիացիայի վարչությանը եւ օդանավակայանին. - «Չվերթները ծրագրված էր իրականացնել 2010 թվականի գարնանը: «Արմավիան», ըստ էության պատրաստ է չվերթներ իրականացնել դեպի Լոս Անջելես եւ Նյու-Յորք: Սակայն խնդիրը վերաբերում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը եւ օդանավակայանին, քանի որ ամերիկյան կողմը պետք է թռիչքների իրականացման հավանություն տար իր հերթական ստուգումներից հետո միայն, պարզելու համար թե արդյո՞ք օդանավակայանը համապատասխանում է նման թռիչքների համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Արմավիայի» մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան։

Ավետիսովան նաեւ վստահեցրեց, որ «Արմավիա» ընկերությունն արդեն երկրորդ անգամ է ստանում անվտանգության վկայական: - «Այն տրվել է այս տարվա փետրվարին` Օդային տրանսպորտի միջազգային ասոցացիայի ավիաընկերությունների շահագործման անվտանգության աուդիտի ծրագրի կողմից` երկու տարի ժամկետով եւ դա ընդհանուր է բոլոր տեսակի չվերթների համար»:

Այդուհանդերձ, «Արմավիայի» ներկայացուցիչը խոստովանում է, որ ընկերությունը դեռեւս ձեռք չի բերել անդրատլանտյան չվերթներ իրականացնելու համար համապատասխան ինքնաթիռ, թեեւ այս պահին բանակցություններ են ընթանում տարբեր ընկերությունների հետ:

Այս պահին «Արմավիայի» շարժակազմը բաղկացած է 8 ինքնաթիռներից՝ հիմնականում արեւմտյան արտադրության։ Ընկերությունը չվերթներ է իրականացնում Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի շուրջ 30 ուղղություններով։

«Մեր ղեկավարության մամուլի ասուլիսներում միշտ խոսվում է, որ այս տարի «Արմավիան» անպայման ձեռք կբերի ինքնաթիռ` անդրատլանտյան թռիչքներ իրականացնելու նպատակով», - նշեց Ավետիսովան. - «Այդուհանդերձ, դա պայմանավորված է թռիչքների համար տրվելիք թույլտվությամբ», - հավելեց «Արմավիա» ընկերության ներկայացուցիչը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG