Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի ենթահանձնաժողովի նպատակը «պետք է ֆիքսվի»


ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքով, վեհաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները չեն վերսկսվի, քանի դեռ չեն ավարտվել խորհրդակցությունները:

«Մինչ այդ մենք հանձնաժողովի ձեւավորմանը ձեռնամուխ չենք լինի: Հենց խորհրդակցությունների նպատակը դա է՝ որպեսզի փորձենք հասկանալ ինչ ենք մենք անելու, ինչքանով ենք մենք օգնելու գործընթացին, ինչ պետք է անենք՝ գործընթացին օգնելու համար», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:

ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հայաստանյան այցի հիմնական թեման հենց նշված ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման հետ կապված քննարկումներն էին: Երկօրյա հանդիպումների ընթացքում թե' ընդդիմադիր եւ թե' կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները խիստ բացասական կարծիքներ հայտնեցին նախաձեռնության առնչությամբ: Չավուշօղլուն, հիշեցնենք, հայտարարել էր, թե նախաձեռնությունն իրենը չէ:

2005 թվականին ստեղծված այդ ենթահանձնաժողովը գործել է մինչեւ 2008 թվականը: Այդ ժամանակահատվածում ենթահանձնաժողովի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցին Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Հանձնաժողովը գործել է Ռասել-Ջոնսթոնի ղեկավարության ներքո եւ անգամ այդ փուլում որոշ հարցեր այդպես էլ հնարավոր չի եղել լուծել, եւ հարցերը մտել են փակուղի»:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը ընդունում եւ անգամ ողջունում է ԵԽԽՎ-ի նախագահի տեսակետը, թե պետք է «պրագմատիկ մոտեցում ցուցաբերվի», այսինքն՝ «ֆիքսվի ենթահանձնաժողովի նպատակը», «աշխատանքային ձեւերը»:

«Մինչեւ այս հարցի վերաբերյալ չլինի համաձայնություն, կարծում եմ, արդյունավետություն չենք ունենա», - հավելեց Հարությունյանը, եւ ասաց, թե դա ենթադրում է, որ խորհրդակցությունները կողմերի հետ դեռ շարունակվելու են:

Անդրադառնալով մարտիմեկյան իրադարձությունների եւ դրանց առնչվող դատավարություններին՝ Մեւլութ Չավուշօղլուն «անընդունելի» էր համարել, որ առ այսօր որեւէ մեկը պատասխանատվություն չի ենթարկվել 10 սպանությունների համար: Վեհաժողովին մտահոգում է նաեւ, որ ամբողջությամբ լուծված չէ հետընտրական իրադարձությունների հետեւանքով ազատազրկված անձանց հարցը: Չավուշօղլուն, մասնավորապես, Հայաստանի իշխանությունների առջեւ բարձրացրել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարցը:

Այս կապակցությամբ Դավիթ Հարությունյանը ասաց. - «Այս հարցով ես, ճինշտ ասած, իրավական լուծումներ այս պահին չեմ տեսնում: Հնարավոր իրավական լուծումը, միակ գործիքը, որ մնացել է այս պահին, դա ներման իրավունքն է, որը դիտարկվում է համապատասխան դատապարտված անձի դիմումի պարագայում: Ինչքանով ինձ հայտնի է, նման դիմում չկա, եւ ես այլ իրավական լուծումներ այս պահին չեմ տեսնում»:

Օրենսդրական լուծումներ, սակայն, ըստ նրա, կան: Ու թեեւ դա ապագայի համար է, արդեն այսօր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են:

Նա հավելեց, որ վերջերս ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի առջեւ դրված է երկու խնդիր. - «Մշակել նոր Քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգը եւ, բնականաբար, դրա հիման վրա՝ նոր [Քրեական] օրենսգիրքը, ինչպես նաեւ՝ հատուկ ուսումնասիրել այն առաջարկությունները, որոնք պարունակվում են այդ [ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գրասենյակի] դիտորդական խմբի եզրակացության մեջ: Սա հենց այն է, ինչ մենք պետք է անենք, որպեսզի բարելավենք իրավիճակը: Երկրորդ խնդիրը, որը դրված է աշխատանքային խմբի առջեւ, դա՝ ուսումնասիրել եւ հնարավորին չափ շուտ ուսումնասիրել այն հարցերը, որոնք ներկայացվել են որպես առաջարկություն ԺՀՄԻԳ-ի դիտորդական խմբի եզրակացության մեջ, եւ փորձել դրանք, չսպասելով անգամ նոր հայեցակարգի ընդունմանը, իրականացնել՝ ինչքանով հնարավոր է իրականացնել՝ առանց փոխելու հայեցակարգը»:

Չավուշօղլուի հետ քննարկված երրորդ կարեւոր հարցը «ճանապարհային քարտեզն» է, որն առնչվում է Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում ընդգրկված առաջարկությունների կատարմանը՝ ոստիկանության, դատական եւ ընտրական համակարգերում իրականացվող բարեփոխումների ժամանակացույցին եւ մեթոդներին: Առաջիկայում դրանք ներկայացվելու են վեհաժողովին:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ թեեւ ընտրական բարեփոխումների վերջնաժամկետը «ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ է», իրենք «անելու են առավելագույնը», որպեսզի ավարտեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մինչեւ այս տարեվերջ:

Ոստիկանության համակարգի բարեփոխումների վերաբերյալ Հարությունյանը ասաց. - «Մեկ այլ կարեւոր հարց վերաբերում է հավաքներին: Իհարկե, այս փուլում, երբ քաղաքական բանավեճը, կարծես թե, ամենաթեժ փուլում չի գտնվում, որեւէ խնդիր կարծես թե չկա: Սակայն դա չի նշանակում, որ այդ խնդիրները չեն ծագի»:

Վերոնշյալ «ճանապարհային քարտեզի» մեջ է մտնում նաեւ հեռուստաընկերությունների լիցենզավորման հերթական մրցույթի անցկացումը: Հարցին, թե արդյոք իրականացվող օրենսդրական փոփոխությունները հնարավոր կտան, որ վերաբացվի «Ա1+»-ը, որ բացառվի հայտերը սուբյեկտիվորեն գնահատելու սկզբունքը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Սուբյեկտիվության գործոնը երբեւէ չի կարող իսպառ բացառվել: Օրենքը, անշուշտ, լուրջ քայլ է կատարել առաջ, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ սուբյեկտիվ գնահատականը սրանով վերացվում է: Ցանկացած բնագավառում, որտեղ մարդիկ ստիպված են որոշումներ ընդունել, այնուամենայնիվ, հիմնականը դա սուբյեկտիվ գործոնն է: Այլ խնդիր է, որ այդ գործոնը պետք է հիմնավորվի, պետք է բացատրվի»:
XS
SM
MD
LG