Մատչելիության հղումներ

Ջալալաբադում Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության եւ նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի համախոհների միջեւ տեղի ունեցած զինված բախման հետեւանքով, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, 1 մարդ է սպանվել։

Մինչդեռ ականատեսները վկայում են, որ սպանվածները 3-ն են: Ղրղըզստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Ջալալաբադում տեղի ունեցած բախումների ընթացքում մոտ 50 մարդ է տուժել, նրանց կեսը հրազենային վնասվածքներ են ստացել։

Ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան հայտարարել է, որ կրակել են Բակիեւի կողմնակիցները։ Օտունբաեւան հավելել է, որ նրանց գործողությունները ղեկավարվում են Բակիեւի Մոսկվայում գտնվող տղաների ու եղբայրների կողմից։

Առավոտյան հաղորդվում էր, որ Ջալալաբադի վարչական շենքը նախկին նախագահի կողմնակիցներն են վերահսկում։ Ավելի ուշ, սակայն, տեղեկություններ հաղորդվեցին այն մասին, որ ժամանակավոր կառավարության ներկայացուցիչները կարողացել են այն ետ վերցնել: Երկու ճամբարների միջեւ բախումները շարունակվում են, նախկին նախագահի կողմնակիցները ցույցեր են անցկացնում՝ պահանջելով պաշտոնից ազատել շրջանների նոր ղեկավարներին եւ իրենց նախկին պաշտոններում վերականգնել Բակիեւի օրոք պաշտոնավարած նահանգապետերին:

Ղրղզստանի նոր իշխանությունները վերականգնել են վերահսկողությունը նաեւ Օշում, որտեղ նույնպես նախօրեին նախկին նախագահի համախոհները գրավել էին քաղաքի վարչական շենքը:

Գիշերը կալանավորվել է «Նոր Ղրղզստան» կուսակցության առաջնորդ, նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Ուսեն Սադիկովը, որին ղրղըզական նոր իշխանությունները մեղադրում են Օշի երեկվա անհանգստությունները կազմակերպելու մեջ:

Երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը լքեց Ղրղըզստանը ապրիլի սկզբին ընդդիմության եւ անվտանգության զորքերի միջեւ ծայր առած բախումներից հետո, որոնց արդյունքում առնվազն 85 մարդ զոհվեց: Այժմ Ղրղըզստանի նախկին նախագահը գտնվում է Բելառուսում: Հայրենիքում Բակիեւին մեղադրում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ զանգվածային սպանություններ կազմակերպելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG