Մատչելիության հղումներ

Մի խումբ երիտասարդներ, բնապահպաններ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ուրբաթ օրը բողոքի լուռ ակցիա էին կազմակերպել՝ իրենց բողոքն արտահայտելով Ագրարային համալսարանին եւ Ազգային գրադարանին հարող «Ուսանողական այգու» կառուցապատման դեմ։

Ակցիայի մասնակիցները պարզել էին պաստառներ՝ «Մենք ենք այս քաղաքի տերը», «Վերադարձրեք մեր այգին», «Ոչ բետոնացմանը» կարգախոսներով։

Շինհրապարակի վերածված «Ուսանողական» այգում ընթանում է միանգամից երկու սրճարանի շինարարություն` Տերյան փողոցին հարող հատվածում, Ազգային գրադարանի դիմաց, եւ Աբովյան փողոցի կողմից վերջերս տեղադրված Վիկտոր Համբարձումյանի արձանի հարեւանությամբ:

Այգում ընթացող շինարարության դեմ բողոքի ակցիան կազմակերպած նախաձեռնող խումբը նախ ստեղծել է «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» անվանումը կրող խումբ Facebook սոցիալական ցանցում։ Խումբը 20 օրվա ընթացքում ավելի քան 3000 անդամ է ձեռք բերել։

«Հերթական անգամ մասնավոր շահը վեր է դասվում հանրային, Հայաստանի շարքային քաղաքացու շահերից», - ասում է նախաձեռնության անդամ, քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը: - «Մարդիկ միավորվել են, անկախ իրենց [քաղաքական] կողմնորոշումներից, մեկ միասնական նպատակի շուրջ՝ ազատել Երեւանի հանրային զբոսայգիները այս ապօրինի կառույցներից, որոնք վտանգում են մարդկանց առողջությունը եւ սահմանափակում հանգստի իրավունքը։ Մենք ամեն ինչ անելու ենք, ընդհուպ մինչեւ իրավական միջոցները, որպեսզի Երեւանի քաղաքային իշխանությունները այլեւս նման թույլտվություններ չտան»։

Ակցիայի մասնակիցները, ովքեր կրում էին STOP կոչով պաստառներ, իսկ ոմանք՝ նաեւ հակագազեր, ձեռք ձեռքի տված կենդանի պատ կազմեցին նախ Աբովյան փողոցի կողմից ընթացող շինհրապարակի հարեւանությամբ: Սրճարանի շինհրապարակի պարիսպների վրա ակցիայի մասնակիցները կախեցին խորհրդանշական սպիտակ մեխակներով սեւ ժապավեններ, որոնք քիչ անց շինարարները հանեցին:

Ապա ակցիայի մասնակիցները շուրջկալեցին Վիկտոր Համբարձումյանի արձանը, այնուհետեւ՝ տեղափոխվեցին Տերյան փողոցի կողմից ընթացող շինհրապարակ:

Տերյան 74 հասցեում տարվող շինարարական աշխատանքների ղեկավար Հարություն Հարությունյանը օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, թե նախկին սրճարանի տեղում ընդամենը նորն է կառուցվում, ոչ մի ծառ չի կտրվել։ Նրա խոսքով, ընդամենը տեղափոխվել եւ վերատնկվել է երկու ծառ:

4 ԲՈՒՀ-երով շրջապատված այս այգու ոչնչացմամբ մտահոգ քաղաքացիները, մինչդեռ պնդում են, որ այգում սկսված լայնածավալ շինարարությունը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող եւ ստեղծագործող քաղաքացիների հետ եւ սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի:

Նախաձեռնող խումբը պահանջում է դադարեցնել շինարարությունը, վերականգնել այգին եւ վերադարձնել այն իրական տերերին` Երեւանի բնակիչներին: Այս պահանջի տակ ստորագրել է ավելի քան 16000 քաղաքացի: Ստորագրահավաքի արդյունքները այսօր կամփոփվեն եւ կուղարկվեն ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին:

XS
SM
MD
LG