Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Պատկերապատումի երկրորդ միջազգային փառատոնը:

Փառատոնի կազմակերպել է Հայաստանի պատկերապատումի զարգացման միությունը՝ Մշակույթի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:

Փառատոնի մասնակիցների թվում են պատկերապատումի ֆրանսիացի վարպետներ, ռուսական եւ իտալական դպրոցների ներկայացուցիչներ, ովքեր եռօյա այս փառատոնին մասնակցում են ոչ միայն իրենց ուշագրավ աշխատանքներով, գրքերով ու ալբոմներով, այլեւ՝ վարպետության դասեր են տալու պատկերապատումի երիտասարդ հայ հետեւորդներին:

Անվանի վարպետները (Նիյոլա Բրաշեն, Բարբարա Կանեպա, Դոմինիք Բարտել) այսօր ասում էին, որ հաճելիորեն զարմացած են, թե այսքան կարճ ժամանակահատվածում ինչպես տարածում գտավ Հայաստանում արվեստի այս ժանրը՝ երիտասարդ, շնորհալի գեղանկարիչների շնորհիվ:

Փառատոնին մասնակցում եւ իրենց աշխատանքներ են ցուցադրում նաեւ հայաստանցի երիտասարդ արվեստագետները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատկերապատումի լավագույն մասնագետներից ֆրանսահայ Վարուժան Սիրափյանը (հենց նրա ջանքերով է 2 տարի առաջ Հայաստանում անցկացվել առաջին միջազգային փառատոնը) բացատրեց պատկերապատումի արագ ու լայն տարածման պատճառը Արեւմուտքում:

«Եվրոպայում, ինչպեսեւ Հայաստանում, գրքի վաճառքը իջել է, բայց պատկերապատումի գրքերը տարեցտարի ավելի ու ավելի շատ են վաճառվում: Մեր նախագծերից մեկը «Սասունցի Դավիթ»-ը պատկերապատումի վերածելն է: Իհարկե, գրքի պես մանրամասն չի լինի, բայց եթե երեխան դա կարդա, կարող է հետաքրքրվել ու կարդալ ամբողջական գիրքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG