Մատչելիության հղումներ

Երեւանում նորից Պատկերապատման փառատոն է անցկացվում


Երեւանում բացվել է Պատկերապատման 2-րդ միջազգային փառատոնը, որի առաջնային նպատակն է հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանում մարդիկ նկարեն, հրատարակեն եւ կարդան պատկերապատում:

Փառատոնի շրջանակներում ներկայացված են Հայաստանում արդեն կազմավորված պատկերապատման հեղինակների առաջին սերնդի ներկայացուցիչներ, մամլո ավանդական նկարիչներ, Եվրոպայի եւ Հայաստանի հարեւան երկրների պատկերապատման նորահայտ հեղինակներ: Նկարիչների միությունում ներկայացված են, օրինակ, աշխատանքներ պարսկական պատկերապատումներով, իսկ Դմիտրի Յակովլեւը, ով եկել է Սանկտ Պետերբուրգից, ներկայացնում է իր քաղաքի պատկերապատումները:

«Առաջին խոսակցություններն ու քննարկումները Հայաստանում պատկերապատման միջազգային փառատոն անցկացնելու մասին ծավալվել են Ֆրանսիայում` սրճարանում, մի բաժակ սուրճի շուրջ», - հիշում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով դեռ 2006-ին, երբ դեռ նախարար չէր, աշխատանքի բերումով ֆրանսիայում հանդիպել է հրատարակիչ Վարուժան Սիրափյանին:

Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միությունը ստեղծվել է 2007-ին Ֆրանսիական Անգուլեմ քաղաքում եւ նպատակ ունի խթանել պատմողական պատկերի ավանդույթի զարգացումը մեր երկրում, որտեղ պատկերապատումը նոր հասկացություն է:

Պատկերապատումը ծաղրանկար չէ, այլ պատմություն, որը ներկայացվում է նկարազարդ տեսքով: Պատմությունը կարող է լինել թե’ հեքիաթ մանուկների եւ թե’ վեպ մեծերի համար: Բացման արարողության ժամանակ, հավատարիմ մնալով ավանդույթին, փառատոնին մասնակցող ֆրանսիացի եւ իտալացի պատկերապատողները ցուցահանդեսի սրահում նկարեցին պատկերապատման հերոսների:

Պատկերապատման փառատոնը Երեւանում կշարունակվի մինչեւ մայիսի 16-ը։

XS
SM
MD
LG