Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բացասական է գնահատում Հայաստանի դիրքորոշումը բանակցություններում


Էլմար Մամեդյարով
Էլմար Մամեդյարով

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին կհանդիպեն հունիսի 5-ին Վենետիկում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Մամեդյարովը։

Նա Ղարաբաղյան բանակցություններում բացասական է գնահատել հայկական կողմի դիրքորոշումը` ասելով, թե «նրանք խոչընդոտում են բանակցային գործընթացը»։

Նշելով, որ միջնորդները առաջարկությունները պատրաստել ու ներկայացրել են կողմերին, Մամեդյարովը շարունակել է. - «Անցած երկու տարիների ընթացքում անցկացվել են խորը ու լայն բանակցություններ։ Յուրաքանչյուր տարի համանախագահները այցելել են տարածաշրջան, նախագահները ինը հանդիպում են ունեցել։ Ադրբեջանը սկզբունքորեն ընդունում է այս փաստաթուղթը։ Այս փաստաթղթի հիման վրա մենք պատրաստ ենք խաղաղության ընդգրկուն փաստաթուղթ պատրաստել։ Բայց մինչեւ հիմա Հայաստանը հստակ պատասխան չի տվել։ Ահա թե ինչու, դժբախտաբար, աշխատանքը խոչընդոտվում է, եւ դա շատ բացասական է»։

Երկու օր առաջ Բրյուսելում միջնորդները հանդիպել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։ Հանդիպումից հետո համանախագահները հայտնել էին, որ Ադրբեջանի արտգործնախարարին հանդիպելու են հունիսի սկզբին։

Վենետիկում հունիսի 5-ին անցկացվելու է Վենետիկի հանձնաժողովի ստեղծման 60-ամյակին նվիրված համաժողով: Մամեդյարովը մասնակցելու է դրան, ու այդ օրն էլ միջնորդները պայմանավորվել են հանդիպել նրա հետ` շարունակելու Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները։

Ղարաբաղյան բանակցություններից ուրբաթ օրը խոսել է նաեւ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, ով, փաստորեն, ներկայացրել է Ադրբեջանի պայմանները։ Ըստ APA գործակալության` Ազիմովն ասել է. - «Առաջին փուլում Ադրբեջանը կարող է առաջարկել, որ ազատվեն ադրբեջանական հինգ շրջանները, ազատվի ու վերադարձվի Լաչինի ճանապարհը եւ բացվի հայ - թուրքական սահմանը, բայց միայն այն դեպքում, եթե հաջորդ փուլում որոշվի մյուս տարածքների վերադարձի հարցը, այսինքն` վերադարձվեն Լաչինի հյուսիսային շրջանները եւ Քելբաջարը»։

Պատասխանելով հարցին` արդյոք Հայաստանի հետ արդեն համաձայնություն կա՞ հինգ շրջանները վերադարձնելու հետ կապված, Ազիմովն ասել է, թե ամեն դեպքում պաշտոնական Երեւանը չի կարող խուսափել պատասխանատվությունից, անկախ իր ցանկություններից` միեւնույն է, ստիպված է վերադարձնել տարածքները, բայց նշել է. - «Սակայն դեռ չկան ամբողջովին համաձայնեցված հարցեր»։

Նա նաեւ նշել է, որ ադրբեջանցի փախստականների վերադարձը Ղարաբաղ Ադրբեջանի համար սկզբունքային հարց է։ «Եթե մենք ցանկանում ենք որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա մեր փախստականները անպայման պետք է վերադառնան Ղարաբաղ եւ մասնակցեն այդ գործընթացին», - ասել է Ազիմովը։

Նրա փոխանցմամբ` Ադրբեջանի դիրքորոշման կառուցողականությունն այն է, որ մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը երկու համայնքները կարողանան հասնել ժամանակավոր համաձայնության։

«Սա վերաբերում է համայնքների ազատությանը, տեղաշարժվելու ազատությանը, տնտեսական համագործակցությանը, մշակույթի զարգացման ապահովմանը եւ այլն։ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է տնտեսական գործունեություն սկսել Ղարաբաղում։ Բայց առաջին հերթին պետք է ազատվեն օկուպացված տարածքները, վերականգնվեն հաղորդակցության ուղիները, որոշվի հայկական համայնքի ժամանակավոր կարգավիճակը, որպեսզի ադրբեջանական կառավարությունը հնարավորություն ունենա նրանց հետ համագործակցելու համար։ Ադրբեջանական համայնքը պետք է հավասար իրավունքներ եւ ազատություններ ունենա», - շարադրել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG