Մատչելիության հղումներ

Ղազախստանի խորհրդարանը նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին շնորհել է «Ազգի առաջնորդի» կարգավիճակ:

Խորհրդարանը հինգշաբթի օրը միաձայն ընդունել է համապատասխան փոփոխությունները սահմանադրական օրենքներում:

Լրատվամիջոցների փոխանցմամբ` մեկ ամսվա ընթացքում նախագահը իր մասին օրինագիծը կամ պետք է ստորագրի, կամ, օրենսդրության համաձայն, վետոյի իր իրավունքով մերժի այն:

«Ազգի առաջնորդի» կարգավիճակի շնորհումից հետո Նուրսուլթան Նազարբաեւին ո'չ վարչական եւ ո'չ էլ քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարը չի սպառնա` անգամ նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա կպահպանի անձեռնմխելիության իրավունքը: Անձեռնմխելի կհամարվի նաեւ Նազարբաեւի ունեցվածքը:

Օրենսդրական փոփոխություններով` այս նորմը ոչ տարածվելու է ոչ միայն Նուրսուլթան Նազարբաեւի, այլեւ նրա ընտանիքի բոլոր անդամների վրա:

Իսկ բոլոր նրանք, ովքեր կխեղաթյուրեն Ղազախստանի նախագահի կենսագրության մանրամասները, օրենքի հետ խնդիրներ կունենան:

Նազարբաեւի առողջությանը հասցված վնասը առաջարկվում է հավասարազոր դարձնել ահաբեկչական գործողություն կատարելու հետ:

Օրենսդիր մարմնի ընձեռած այս նոր կարգավիճակի համաձայն` Ղազախստանի առաջին նախագահ Նազարբաեւի հետ նրա պաշտոնաթողությունից հետո էլ պետք է համաձայնեցվի երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունը: «Չէ որ ղազախ ժողովրդին աշխարհը Նուրսուլթան Նազարբաեւի շնորհիվ է ճանաչել, ուստի այն ազգը, ով այդպիսի որդի ունի, երբեք դժվարությունների չի հանդիպի», - իրենց այս որոշումը փաստարկել են խորհրդարանականները:

Ղազախստանի խորհրդարանում ներկայացված է միմիայն նախագահի ղեկավարած «Նուր օթան» կուսակցությունը, որն ավելի քան 760 հազար անդամ ունի: Մինչեւ այս օրինագծի անցկացումը խորհրդարանում կուսակցությունն արդեն իսկ իրեն ներկայացնում էր իբրեւ «ազգի առաջնորդի» կուսակցություն:

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը, Ալմաթիում երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի ընդդիմադիր` Կոմունիստական կուսակցության ղեկավար Հազիզ Ալդամժարովը հայտարարել է, թե «ազգի առաջնորդի» մտահղացումն առաջացել է նախագահի աշխատակազմում եւ պայմանավորված է նախագահ Նազարբաեւի 70-ամյա հոբելյանով:

«Ղազախստանի սոցիալիստական հակազդեցության» կուսակցության ղեկավարի գնահատմամբ էլ` «դա ամոթալի մի օրենք է, որը կօգնի երկրում խանական իշխանություն հաստատել»:

Նուրսուլթան Նազարբաեւը Ղազախստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1991 թվականից: Նախագահության այս ժամկետը լրանում է 2012 թվականին:

2010 թվականի հունիսին Ղազախստանի նախագահը կդառնա 70 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG