Մատչելիության հղումներ

«Մենք անպայման փոխելու ենք Կովկասի ճակատագիրը», - հինգշաբթի օրը Haberturk հեռուստակայանի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

«Մի օր Կարսից դուրս եկած ավտոմեքենան կշարժվի դեպի Բաքու` ճանապարհին հանգիստ անցնելով Երեւանով, Քելբաջարով եւ Աղդամով», - ասել է Դավութօղլուն։

Պարզաբանելով, թե ինչպես կարելի է հասնել այդ նպատակին, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. - «Հիմա մենք Կովկասում հոգեբանական հեղափոխություն ենք իրականացնում։ Այս քաղաքականության արդյունավետության համար նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ դրան հավատան իրականացնողները, ապա հարկ է այնպես անել, որ մնացածներն էլ սկսեն հավատալ: Մենք հավատում ենք»։

Այս ամիս ավելի վաղ Օքսֆորդի համալսարանում ունեցած ելույթում Դավութօղլուն ներկայացրել էր տարածաշրջանի եւ աշխարհի զարգացումների վերաբերյալ պաշտոնական Անկարայի տեսակետը եւ անդրադառնալով հայ - թուրքական հարցին` ասել. - «Իհարկե, մենք ցանկանում ենք բացել սահմանը, որովհետեւ ձգտում ենք հարեւանների հետ համապարփակ ինտեգրման, սակայն միայն հայ - թուրքական սահմանի բացումը բավարար չէ, մենք ուզում ենք, որ բացվի նաեւ հայ - ադրբեջանական սահմանը, ինչը կնպաստի տարածաշրջանի կայունության ապահովմանը»։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ուրբաթ օրվանից սկսում է տարածաշրջանային ուղեւորությունը, որի ընթացքում կայցելի Հունաստան, ապա` Վրաստան, որտեղ Բաթումիում նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ կմասնակցի «Նուրոլ Հոլդինգ» թուրքական շինարարական ընկերության կառուցած «Շերաթոն» հյուրանոցի բացմանը, հետո էլ կմեկնի Ադրբեջան։

Շուրջ մեկ տարի է անցել Էրդողանի Բաքու կատարած նախորդ այցից։ Անցյալ տարվա մայիսի 13-ին նա այնտեղ փարատում էր ադրբեջանական կողմի երկյուղները, վստահեցնում, որ Թուրքիան չի վավերացնի հայ - թուրքական արձանագրությունները, քանի դեռ կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG