Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը չի արտոնել ուսանողների հանրահավաքը ( ԼՐԱՑՎԱԾ)


Բողոքող ուսանողները Կառավարության շենքի մոտ: 6-ը մայիսի, 2010թ.

Բողոքող ուսանողները Կառավարության շենքի մոտ: 6-ը մայիսի, 2010թ.

Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում բանակի տարկետումով տեղերի կրճատման դեմ բողոքի ցույցի անցկացումը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց՝ պատճառաբանելով, որ այդ տարածքը համալսարանի սեփականությունն է, եւ քաղաքապետարանը թույլտվություն տալու լիազորություններ չունի: Փոխարենը առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքում, բայց ոչ մայիսի 14-ին:

Ցույցի կազմակերպիչ Ազգային նոր պահպանողական շարժման ուսանողական միությունը ընդունել է առաջարկը եւ բողոքի հանրահավաք կանցկացնի Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ` մայիսի 15-ին: Շարժման նախագահ Էդգար Հելհելյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ կոնկրետ փաստեր չունի, բայց տեսնում է միտում, որ ցույցը հատուկ է հեռացվել բուհի տարածքից։

Այդուհանդերձ, հանրահավաքին կազմակերպիչներն ակնկալում են 2-3 հազար ուսանողների մասնակցություն: Պատրաստվում են բարձրաձայնել նաեւ մի շարք այլ պահանջներ, այդ թվում` նվազեցնել ուսման վարձավճարները, բարձրացնել կրթաթոշակները եւ դասախոսների աշխատավարձերը, հանրակացարաններով ապահովել մարզերից ժամանած ուսանողներին:

Հիշեցնենք, որ նույն պահանջով ԵՊՀ-ի դիմաց անցկացված նախորդ մի քանի ցույցերը նախարար Աշոտյանը անվանել էր «կուսակցական»` նշելով, որ կազմակերպիչների հետեւում կանգնած է «Ժառանգություն» կուսակցությունը: Էդգար Հելհելյանն ասաց, որ իրենց կազմակեպած հանրահավաքին ժառանգության երիտթեւը մասնակցելու է, սակայն «իրենք թույլ չեն տա որեւէ ուժի քաղաքականացնել հանրահավաքը».

«Երիտասարդությունն այսօր աջակցության կարիք ունի, ինչն էլ մենք անում ենք, եւ ինձ չի հետաքրքրում, թե մեր այդ քայլերը ինչպես կորակվեն», - նշեց Էդգարը։

Ի դեպ, հենց հանրահավաքի օրը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպման է հրավիրել Ազգային նոր պահպամողական շարժման ղեկավար կազմին: Էգար Հելհելանն ասաց, որ կապ չի տեսնում հանրահավաքի եւ նախարարի հանդիպման հրավերի միջեւ։

ԼՐԱՑՈՒՄ։ Ավելի ուշ Ազգային նոր պահպանողական շարժման ուսանողական միությունը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը չի թույլատրել նաեւ Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում անցկացնել հանրահավաքը։


XS
SM
MD
LG