Մատչելիության հղումներ

logo-print

Չավուշօղլուն հանդիպեց մարտիմեկյան զոհերի հարազատներին


Հինգշաբթի օրը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլութ Չավուշօղլուն Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակում հանդիպել է մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատների հետ:

Փակ դռների հետեւում անցած հանդիպմանը զոհվածների հարազատները կոչ են արել հետամուտ լինել, որպեսզի Հայաստանի իշխանությունները կատարեն վեհաժողովում ընդունված բանաձեւերի պահանջները՝ բացահայտեն 10 զոհերի սպանության հանգամանքները:

Մարտի 1-ին «Չերյոմուխա - 7» հատուկ միջոցի կիրառումից սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, եւ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հանդիպումից անմիջապես հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեցին, որ դժգոհել են ե'ւ Հայաստանի իշխանություններից, ե'ւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունից, ե'ւ Վեհաժողովի համազեկուցողների աշխատանքից:

«Ես ասացի, որ սուտ է, բոլորը ձեզ խաբում են, մեր երկրում չկա ժողովրդավարություն, դատաիրավական համակարգը զրոյական է», - ասաց Սարգիս Քլոյանը:

Ալլա Հովհաննիսյանը, նշելով, թե պաշտոնական տեղեկատվությամբ Չավուշօղլուն Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումներում բարձր է գնահատել երկրի արձանագրած առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներում, ասաց. - «10 հատ սպանություն կա, ոչ մեկը բացահայտված չէ, եւ՝ ժողովրդավարության առաջընթաց... Որտե՞ղ է ինքը տեսնում»:

Զոհերի հարազատները ասացին նաեւ, որ հանդիպման ընթացքում իրենք անվստահություն են հայտնել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությանը, նաեւ հետաքրքրվել են, թե ինչու է հետաձգվում Վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի այցը, ովքեր, ըստ ավելի վաղ արված հայտարարությունների, պետք է գարնանը այցելեին Հայաստան:

«Մի Զարուհի Փոստանջյանն էր՝ հարցերը լուծեցին... Եվրոպա գնացողներից այսօր ոչ մեկը զոհերի հետ կապված ոչինչ չի անում. ո'չ Արմեն Ռուստամյանը, ո'չ Դավիթ Հարությունյանը: Ասացինք, որ մենք իրենց չենք վստահում, որ իրենք խեղաթյուրված պատկեր են ներկայացնում: Պրեսկոտն ու Կոլոմբիեն մեր հետ հանդիպեցին, խոստացան, որ հետամուտ կլինեն գործին, չեկան գարնանը», - ասաց Ալլա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Չավուշօղլուն համազեկուցողների այցի ուշացումը բացատրել է նրանցից մեկի առողջական խնդիրներով, ու խոստացել է, որ առաջիկայում նրանք կայցելեն Հայաստան ու անպայման կհանդիպեն զոհերի հարազատների հետ:

ԵԽԽՎ-ում հայաստան պատվիրակության վերաբերյալ դժգոհություններին Մեւլութ Չավուշօղլուն չի արձագանքել:

Մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդրի կապակցությամբ ինչպես զոհերի հարազատների հետ հանդիպմանը, այնպես էլ ավելի ուշ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ԵԽԽՎ-ի նախագահը տեղեկացրել է, որ խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է:

Նա փոխանցել է, որ մարտի 1-ի մասին երեկ խոսել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը. անդրադարձել է ե'ւ զոհվածների, ե'ւ անազատության մեջ գտնվողների խնդրին, հատուկ շեշտել է Նիկոլ Փաշինյանի անունը:
XS
SM
MD
LG