Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանության է արժանացնում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը


Կառավարության նիստ

Կառավարության նիստ

Հայաստանի կառավարությունը այսօր արձանագրային որոշմամբ հավանության արժանացրեց եւ անհետաձգելի համարեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Հապճեպ կերպով այս որոշման ընդունումը պայմանավորված է մինչեւ հուլիսի 20-ին հայտարարվելիք հեռուստատեսությունների լիցենզավորման մրցույթը օրենսդրական փոփոխությունները համաձայնեցնելու անհրաժեշտությամբ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, օրենքի արագացված կարգով ընդունման շուրջ քննադատություններն անհիմն են. - «Սա բավականին նուրբ հարց է, հայտնվում է քաղաքական դաշտում եւ բազմաթիվ քաղաքական սպեկուլյացիաների առարկա է դառնում, բայց այն ռազմավարությունը, որը մենք, ձեզ հետ միասին, ընտրեցինք, Եվրամիության մասնագետները փորձաքննություն անցկացրեցին եւ համարեցին, որ դա տրամաբանական է եւ անհրաժեշտ»։

Որոշումը ներկայացնող Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի խոսքով, ըստ էության իրականացվել է երկու օրենքների` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի օրենք-կանոնակարգի» միաձուլում: Նրա պարզաբանմամբ, հիմնական փոփոխությունն այն է, որ եթե նախկինում Գրիգոր Ամալյանի ղեկավարած կառույցն էր որոշում հեռուստաընկերությունների ուղղվածությունը, ապա այժմ դա ամրագրվում է օրենքով:

Շուրջ 8 տարի առաջ հեռարձակման լիցենզիայից զրկված եւ հետագայում բազմաթիվ լիցենզավորման մրցույթներում անհաջողություն կրած «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե չէր ցանկանա նեղացնել փոփոխությունների վնասի հետեւանքները եւ ասել, թե այն ուղղված է բացառապես «Ա1+»-ի դեմ։

«Ուղղվածության խնդիրը, որը հստակեցված է, բացառում է մրցակցությունը, որը բերելու է նույն լճացման վիճակին եւ մոնոպոլ վիճակի թողնելու է միայն Հ1-ը», - հայտարարեց Մովսեսյանը։

«Անհեթեթ» եւ նույնիսկ «հակասահմանադրական» որակելով հեռուստաընկերությունների ուղղվածության մասին դրույթը՝ Մովսեսյանը, այդուհանդերձ, մեկ անգամ էլ շեշտեց, որ հուլիսի 20-ին կայանալիք մրցույթին «Ա1+»-ը անպայման մասնակցելու է:

Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման ոլորտի ռազմավարությունը ենթադրում է ամբողջական թվայնացում մինչեւ 2013 թվականի հուլիսի 20-ը: Կառավարության մշակած օրինագիծը պարտավորեցնում է հեռուստաընկերություններին անալոգային հեռարձակմանը զուգահեռ թվային հեռարձակում իրականացնել, իսկ 2013-ից ընդհանրապես դադարեցնել անալոգային հեռարձակումը:

Բացի այն, որ թվային հեռարձակումը հեռուստաընկերություններից պահանջում է զգալի ֆինանսական ներդրումներ, այն նաեւ ենթադրում է, որ ներկայումս գործող մի շարք հեռուստաընկերություններ հնարավորություն չեն ունենա վերականգնել իրենց լիցենզիաները:

Ըստ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի, մասնավորապես, հուլիսի 20-ին կայանալիք մրցույթով Երեւանում հեռարձակվող 22 հեռուստաալիքներից կլիցենզավորվեն 18-ը միայն: Իսկ ազատված 4 անալոգային հաճախությունների սպեկտրում հնարավոր կլինի հեռարձակել նաեւ այդ լիցենզավորված 18 հեռուստաալիքների թվային տարբերակները:

«2013 թվականին այդ սահուն անցումից հետո լիովին կդադարեցվեն անալոգային հեռարձակումները, եւ արդեն անալոգային հեռարձակումների ազատման միջոցով մենք հնարավորություն կունենանք դրանք էլ թվայնացնել եւ հետագայում հեռուստաալիքների թիվը բավականին շատացնել», - հավելել է Պետրոսյանը:

Մեսրոպ Մովսեսյանի խոսքով, մինչդեռ, մեծ հարց է, թե ինչ սկզբունքով եւ հատկապես որ հեռուստաընկերություններն են զրկվելու հաճախություններից:

«Ես ենթադրում եմ, որ այն հեռուստաընկերությունները, որոնք ոչ լիարժեք են կատարել կառավարության եւ ղեկավարության պահանջները, առաջին հերթին դրանք են դուրս մղվելու: Իսկ այն հեռուստաընկերությունները, որոնք խոնարհաբար ծառայել են մինչեւ օրս, նրանք երեւի կշարունակեն», - ասաց «Ա1+»-ի տնօրենը:
XS
SM
MD
LG