Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն ավարտում է հայաստանյան հանդիպումները


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հայաստանյան այցի երկրորդ օրվա բոլոր հանդիպումների ընթացքում առավելապես բարձրացվել է եվրոպական այս կառույցի կազմում Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու մտադրության մասին հարցը:

Թե' Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, թե' խորհրդարանական խմբակցությունների անդամները, թե' լրագրողները իրենց հարցերում նշում էին, որ 2005 թվականից մինչեւ ԵԽԽՎ-ի նախագահ Ռասել Ջոնսթոնի մահը գործած այդ ենթահանձնաժողովը արդյունավետ չի եղել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, ասել է, որ այդ ենթահանձնաժողովի գործունեության վերսկսումը անընդունելի է:

«Ես ասացի, որ քանի որ դուք ներկայացնում եք Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, որը ողջ այս տարիների ընթացքում խիստ սուբյեկտիվ, խիստ կողմնակալ է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, ապա, մեծագույն հարգանք ունենալով պարոն Չավուշօղլուի անձի հանդեպ, մենք չունենք վստահություն, որ կողմնակալ չի լինելու իրենց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրում», - փոխանցեց Զոհրաբյանը՝ շարունակելով. - «Իհարկե, պարոն Չավուշօղլուն խիստ վիրավորվեց դրանից եւ ասաց, որ ոչ ոք իրավունք չի տվել իրեն վիրավորել խտրականության [համար], ինքը նման առիթ չի տվել: Եվ եթե մենք բոյկոտում ենք այդ ենթահանձնաժողովը միայն այն պատճառով, որ ինքը ազգությամբ թուրք է, ինքը փորձեց այլ դաշտ տեղափոխել խնդիրը»:

Նույն հարցն ուղղել էին նաեւ «Ժառանգություն» խմբակցության անդամները, ու, ըստ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի, իրենց էլ Չավուշօղլուն մեղադրել է ազգային խտրականության մեջ:

Արդեն լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով այդ հարցին՝ ԵԽԽՎ-ի նախագահը պարզաբանեց, որ ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսկելու նախաձեռնությունը իրենը չէ, որ հարցը արդեն շուրջ մեկ տարի Վեհաժողովի բյուրոյի օրակարգում է: 2005 թվականին ընդունվել է համապատասխան [թիվ 1416] բանաձեւը, որի պահանջով էլ ստեղծվել է ենթահանձնաժողովը: Ուստի քանի դեռ չի վերացվել այդ բանաձեւը եւ նոր որոշում չի կայացվել, իր պարտքն է հետեւել բյուրոյի օրակարգի որոշումներին:

«Խորհրդաժողովի անդամ բոլոր երկրները պարտավոր են կատարել ընդունված բանաձեւերը, բայց մենք նաեւ պրագմատիկ ենք, մանավանդ՝ երբ հարցի վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ են հնչում», - ասաց Մեւլութ Չավուշօղլուն՝ հավելելով, թե հենց դա է պատճառը, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր հիմնական խնդիրն ու մտահոգությունը երկու կողմերի կարծիքը լսելն է եղել:

Լրագրողների հետ հանդիպումից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք հայաստանցի պատգամավորների մտավախություններն ու տեսակետները կփոխանցի Վեհաժողովի բյորոյին՝ Չավուշօղլուն ասաց. - «Իհարկե, որպես նախագահ ես պետք է լսեմ նաեւ ընդդիմադիր կարծիքներ՝ անկախ նրանից՝ դրանք ինձ դուր են գալիս, թե ոչ: Դրանք լրջորեն ընդունում եմ եւ հաշվի եմ առնում: Սա է պահանջում ժողովրդավարությունը»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի փոխանցմամբ, իրենց հետ հանդիպմանը Չավուշօղլուն «ցնցող» հայտարարություն է արել. - «Ցնցող էր վերջաբանը, երբ նա հորդորեց մեզ հիշել, որ ինքը ունի երկու մանդատ՝ ե'ւ որպես Անթալիայի պատգամավոր, ե'ւ որպես ԵԽԽՎ-ի նախագահ»:

Այսինքն, ինչպես պարզաբանեց Սաֆարյանը, այն, ինչ Չավուշօղլուն ասել էր որպես թուրք պատգամավոր եւ թուրքական պատվիրակության անդամ, որեւէ առնչություն չունի որպես վեհաժողովի նախագահ արտահայտած իր տեսակետների հետ:

«Կարծում եմ, որ դա շատ լուրջ մարտահրավեր է բոլորի համար», - շարունակեց Սաֆարյանը: - «Նրա պատկերացումը հետեւյալն է. եթե իր ինտերվյուները տեղադրվում են ԵԽԽՎ-ի կայքէջում, ապա նա այդ խոսքերը ասել է որպես ԵԽԽՎ-ի նախագահ: Իսկ եթե դրանք չեն տեղադրվում ԵԽԽՎ-ի կայքէջում, ապա դրանք որպես Անթալիայի պատգամավորի հայտարարություններ են»:

Ազգային ժողովի խմբակցությունների անդամները հանդիպումների ընթացքում բարձրացրել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա՝ սառեցված փուլին առնչվող հարցեր: Չավուշօղլուն իր կուսակցության անունից ասել է, թե «կողմ են հարաբերությունների կարգավորմանը» եւ որ «պատրաստվում է կողմերին կոչ անել վավերացնել արձանագրությունները»:

Պատասխանելով Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հրաժարվելու մասին հարցին, Մեւլութ Չավուշօղլուն ասաց, որ դա իր անձնական որոշումն էր. - «Ես հարգում եմ ձեր կարծիքները, դուք էլ պետք է հարգեք իմ որոշումները»:
XS
SM
MD
LG