Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը եւ Սեյրան Օհանյանը մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի օրը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել են 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին` նվիրված Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը իր ելույթում անդրադարձել է Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորություններին, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման խնդիրներին:

Սեյրան Օհանյանը ներկայացրել է անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները:

Նիստում ելույթ են ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, ինչպես նաեւ անդամ երկրների 14 ներկայացուցիչներ, որոնք բարձր են գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

Այնուհետեւ Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները պատասխանել են բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին երկրի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններն իրենց պետությունների անունից աջակցություն են հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունություն եւ անվտանգության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին նախորդել էր Էդվարդ Նալբանդյանի եւ Սեյրան Օհանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնյերոյի հետ, որի ժամանակ քննարկվել է Գործընկերություն հանուն խաղաղություն ծրագրի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությունը:

Նալբանդյանն ու Օհանյանը վերահաստատել են Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու փոխշահավետ համագաործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության մի շարք ոլորտներում արձանագրված առաջընթացը: Կլաուդիո Բիզոնյերոն նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանին` Աֆղանստանում խաղաղապահ գործողությանը արդյունավետ մասնակցության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG