Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը եւ Սեյրան Օհանյանը մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի օրը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել են 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին` նվիրված Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը իր ելույթում անդրադարձել է Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորություններին, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման խնդիրներին:

Սեյրան Օհանյանը ներկայացրել է անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները:

Նիստում ելույթ են ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, անդամ երկրների 14 ներկայացուցիչներ, որոնք բարձր են գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

Այնուհետեւ Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները պատասխանել են բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին երկրի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններն իրենց պետությունների անունից աջակցություն են հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունություն եւ անվտանգության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին նախորդել էր Էդվարդ Նալբանդյանի եւ Սեյրան Օհանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնյերոյի հետ, որի ժամանակ քննարկվել է Գործընկերություն հանուն խաղաղություն ծրագրի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությունը:

Նալբանդյանն ու Օհանյանը վերահաստատել են Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության մի շարք ոլորտներում արձանագրված առաջընթացը, նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանին` Աֆղանստանում խաղաղապահ գործողությանը արդյունավետ մասնակցության համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG