Մատչելիության հղումներ

Վրաստանը կարող է անցնել կառավարման խորհրդարանական մոդելի


Վրաստանի խորհրդարանի նիստը

Վրաստանի խորհրդարանի նիստը

Առաջիկայում Վրաստանը կարող է որդեգրել կառավարման խորհրդարանական մոդելը:

Երեքշաբթի օրը Սահմանադրական բարեփոխումների պետական հանձնաժողովը հաստատել է երկրի հիմնական օրենքի նորացված տարբերակի նախագիծը, որով նախագահի լիազորությունները զգալիորեն կրճատվելու են:

Հանձնաժողովի անդամներից վերլուծաբան Գիա Նոդիան նշում է. - «Սա խառը մոդել է, սակայն լծակների մեծ մասը խորհրդարանի ձեռքում է լինելու: Գործադիր իշխանության մեջ առաջատար դերակատարություն է ստանձնում կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ: Վարչապետը երկրի գլխավոր պաշտոնյան կդառնա, իսկ կառավարության կազմը կորոշվի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա»:

Սահմանադրության նախագծի համաձայն` Վրաստանի նախագահը ընտրվելու է համաժողովրդական քվեարկությամբ, շարունակելու է կատարել Զինված ուժերի գլխավոր հրամանատարի լիազորությունները, ներկայացնելու է Վրաստանը միջազգային ասպարեզում: Նախագահի հրամանագրերը, սակայն, ուժի մեջ կմտնեն վարչապետի պաշտոնական հաստատումից հետո միայն: Նախագահը այլեւս իրավունք չի ունենա կառավարության կազմը փոփոխությունների ենթարկել. այդ բոլոր լիազորությունները նոր նախագծով վերապահված են խորհրդարանական մեծամասնությանը:

Մի շարք վրաց փորձագետներ, սակայն, պնդում են, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով` Միխեիլ Սահակաշվիլին նպատակ ունի կրկնօրինակել Վալդիմիր Պուտինի` 2008 թվականին կիրառած մարտավարությունը. սկզբում կանգնել իշխող կուսակցության ղեկին, ապա նաեւ զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Ավթանդիլ Դեմետրաշվիլին կտրականապես հերքում է այս պնդումները: Նրա խոսքով` «նոր սահմանադրության նախագիծը Սահակաշվիլիի համար չի գրվել»:

«Եթե կուսակցությունը հաղթում է ընտրություններում`ստանալով քվեների մեծամասնությունը, այն իրավունք է ստանում ցանկացած թեկնածուի նշանակել վարչապետի պաշտոնում: Դա բոլոր կուսակցություններին է վերաբերում, այդ թվում իշխող «Միացյալ ազգային շարժմանը», - նշում է Դեմետրաշվիլին:

Առաջիկա օրերին նախագիծը կուղարկվի եվրոպական մի շարք կառուցյներին` փորձագիտական եզրակցություն ստանալու համար: Միայն դրանից հետո սահմանադրական փաթեթը կընդգրկվի Վրաստանի խորհրդարանի օրակարգում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG