Մատչելիության հղումներ

Մայիսի 13-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ին երեկ հայտնի է դարձել, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ դրված «Բանակի ներգրավումը 2008 թվականի մարտի հայաստանյան իրադարձություններին» նախագիծը Վեհաժողովի Բյուրոն ուղարկել է Մոնիտորինգի հանձնաժողովին: «Մեր տեղեկություններով, սույն նախագիծը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Մոնիտորինգի հանձնաժողովի հունիսին կայանալիք նիստում: Իսկ Մոնիտորինգի հանձնաժողովը կարող է որոշում կայացնել եւ սկանդալային այդ նախագիծն ընդգրկել ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում: 8 կետից բաղկացած նախագծում առաջարկվում է անհատապես պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավման համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին: Այս փաստաթղթով ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին մեղադրում է 2008-ի մարտի 1-ին Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու մեջ, չի խնայում Նիկոյանի հանձնաժողովին: Եթե նախագիծը մտնի լիագումար նիստի օրակարգ, ՀՀ իշխանություններին բարդ օրեր են սպասում», - գրում է թերթը:

«Ժամանակ»-ը շարունակում է ուշադրության տիրույթում պահել ռուս-թուրքական բարձր մակարդակի վերջին հանդիպումները: Թերթի խմբագրականում կարդում ենք. - «Ռուս-թուրքական քնարերգության այս ֆոնին, որին մենք ականատես ենք լինում արդեն 2-3 օրերին, բավական տարօրինակ ու զարմանալի է պաշտոնական Երեւանի անվրդով լռությունը: Երբ թուրքերն ու ռուսները զբաղված են Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցերի ակտիվ քննարկումներով եւ դրանց մասին հայտարարություններով, Հայաստանի իշխանությունը բժշկական սարքավորումների գործարան կամ գյուղմթերքների վերամշակման հոսքագիծ է բացում: Կարծես թե ցուցադրաբար փորձում են անտարբերություն դրսեւորել ռուս-թուրքական ջերմացման կապակցությամբ՝ ձեւացնելով, թե որեւէ արտառոց կամ առանձնակի ուշադրության ու մտահոգության արժանի բան չկա: Հայաստանի իշխանության այդ պահվածքը, երբ որեւէ պատգամավորի անգամ չհանեցին մի ասուլիսային ակումբ՝ մի բան ասելու տեղի ունեցողի կապակցությամբ, հուշում է կա'մ դատապարտվածության զգացումի, կա'մ էլ խորը դեպրեսիայի եւ մանթրաժի մասին, որում հայտնվել է պաշտոնական Երեւանը Ռուսաստանի վարած տարածաշրջանային քաղաքականության արդյունքում»:

«Առավոտ» թերթը ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ, կանադաբնակ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ զրույցում հետեւյալ դիտարկումն է արել. - «ՀՀԿ-ի ներկայացուցիչները պնդում են, թե երբեք Հայոց ցեղասպանության մասին այսքան չի խոսվել, ինչքան անդրադարձի առիթ եղավ հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ»: Տեր-Խաչատուրյանը արձագանքել է. - «Եթե ակնարկում են այն իրողությունը, որ մենք բողոք ենք բարձրացրել ու այդ պատճառով է խոսվել՝ այո', ճիշտ են ասում»: Իսկ հարցին, թե արդյոք ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանի պես՝ ինքն է՞լ է կարծում, որ այդ արձանագրությունները մեռած են, Տեր-Խաչատուրյանը պատասխանել է. - «Այս սառած վիճակի մեջ դրանք անմիջապես վերակենդանացնելու հավանականությունն իսկապես քիչ է: Բայց քանի դեռ հետ չի քաշված Հայաստանի ստորագրությունը՝ կարծում եմ, որ որեւէ ժամանակ կարող են վերակենդանացվել»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի աղետալի վիճակի բացահայտումը եւ «Հաղթանակ» զբոսայգում «Թայֆուն» կարուսելի վթարը առիթ հանդիսացան, որ հասարակայնության ուշադրության կենտրոնում հայտնվի արտակարգ իրավիճակների եւ դրանց հաղթահարման թեման»։ Թերթն այնուհետեւ ընդհանրացնում է. - «Անկախացումից հետո Հայաստանը թեւակոխեց պերմանենտ արտակարգ իրավիճակների դարաշրջան։ Սակայն այն սոցիալական կառուցվածքը, որ փոխարինելու եկավ կոմունիստականին, ստիպված է գործ ունենալ արտակարգ իրավիճակների հետ, նախատեսված չլինելով դրանց հաղթահարման համար։ Այն գործում է, բայց տեղ-տեղ եւ բնավ ոչ լավագույն ձեւով, քանզի ինքն էլ օբյեկտիվ պատճառներով առայժմ թույլ է եւ զուրկ մեծ ռեսուրսներից։ Արտակարգ իրավիճակները դարձել են մեր կյանքի սովորական երեւույթ, բայց սոցիոլոգները մի տեսակ չեն շտապում զբաղվել այդ ֆենոմենի գիտական լուրջ ուսումնասիրությամբ։ Բացակայում է նույնիսկ արտակարգ իրավիճակների ամենատարրական դասակարգումը։ Այնինչ արդեն 90-ական թվականների առաջին կեսից գնալով ավելի հստակ սկսեցին ի հայտ գալ, օրինակ, սոցիալական արտակարգ իրավիակները։ Դրանց թվին են պատկանում արտագաղթի, տնտեսական վիճակի, հանցավորության, կրթության ու գիտության դեգրադացիայի, գաղափարական եւ մշակութային անկման ու այլեւայլ հիմնախնդիրները։ Սակայն այդ կարգի բոլոր երեւույթները մեզանում չեն դիտարկվում որպես արտակարգ իրավիակ։ Այդ դեպքում ի՞նչ են դրանք։ Այդօրինակ արտակարգ իրավիակների իրական հաղթահարումն անհնար է առանց երկրի սոցիալական բուն կազմակերպման մեջ արմատական փոփոխությունների»:

Անդրադառնալով վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւս 0.25 տոկոսային կետով բարձրացնելու՝ Կենտրոնական բանկի որոշմանը՝ «168 ժամ»-ի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Շատ տնտեսագետներ գտնում են, որ Հայաստանի պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքը էական դեր չի խաղում ո'չ գնաճի, ո'չ էլ տնտեսական ակտիվության հարցում: Գնաճային երեւույթները Հայաստանում առավելապես պայմանավորված են անառողջ մրցակցությամբ: Երբ մենաշնորհային կամ օլիգոպոլ դիրքեր ունեցող մատակարարները «վատ երազ տեսնելով» հանկարծ որոշում են բարձրացնել լայն սպառման ապրանքների գները, վերաֆինանսավորման ոչ մի տոկոսադրույք այստեղ չի օգնի: Այլ կերպ ասած՝ հայաստանյան գնաճով ավելի շատ պետք է զբաղվի Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը»:

«Հրապարակ»-ն անդրադարձել է Հայաստանի անչափահասների շրջանում ինքնասպանությունների թվի աճին՝ տեղեկացնելով, թե դրա հետ կապված Ոստիկանության անչափահասների բաժինները, կրթական հաստատությունները հատուկ հրահանգ են ստացել՝ զբաղվել այս խնդիրներով: Թերթի տեղեկություններով, ռիսկային խմբերի մեջ են դիտվում կրոնական կազմակերպություններին հարող ընտանիքների երեխաները, հանցագործ խմբերի մեջ ներգրավվածները կամ նման հակում ունեցող հարազատներ ունեցողները, ինչպես նաեւ տարբեր երաժշտական խմբերի ֆանատները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG