Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նախագահը բարձր է գնահատում Հայաստանում ժողովրդավարության առաջընթացը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԽԽՎ-ի նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԽԽՎ-ի նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպմանը բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներում:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Չավուշօղլուն ասել է, որ որպես ԵԽԽՎ-ի նորընտիր նախագահ` իր գործունեության գերակայություններից է համարում Վեհաժողովի եւ անդամ պետությունների միջեւ հարաբերությունների խորացումը, անդամ պետությունների հանդեպ կրկնակի չափանիշների կիրառման բացառումը։

Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակում Չավուշօղլուի հետ հանդիպեցին նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները: Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպմանը չէր եկել։ Փոխարենը՝ Չավուշօղլուի հետ զրուցեցին ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը, արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն ու Կոնգրեսի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը։

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյան
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ Տեր-Պետրոսյանն անձամբ չհանդիպեց Մեւլութ Չավուշօղլուին, Զուրաբյանը պատասխանեց. - «Նա ուղղակի վատառողջ էր»:

ՀԱԿ-ի համակարգողը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ-ի նախագահին երկու ուղերձ են հղել:

Դրանցից առաջինը, ըստ նրա, այն է, որ «ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւից հետո անցել է համարյա 1 տարի, սակայն բանաձեւի որեւէ պահանջ կամ առաջարկ չի կատարվել. դա ե՛ւ 14 քաղբանտարկյալի հարցն է, ե՛ւ «Ա1+»-ի, ե՛ւ Ընտրական օրենսգրքի»։ «Այդ առումով մենք խիստ քննադատության ենթարկեցինք Եվրոպայի խորհրդի ինստիտուտները», - ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ-ի քննադատության հաջորդ առիթը Ղարաբաղի հարցում ԵԽԽՎ-ի ձեռնարկած վերջին քայլերն են։ «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից կարծես նորից փորձեր են արվում վերականգնել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը։ Մենք գտնում ենք, որ դա շատ ապակառուցողական քայլ է», - հայտարարեց Զուրաբյանը՝ պարզաբանելով, - «Այսօր Մինսկի համանախագահության ֆորմատով ընթացող պրոցեսը մենք համարում ենք ամենաօպտիմալը։ Ցանկացած ալտերնատիվ քննարկում միայն կշեղի բանակցություններից հակամարտության կողմերին, թույլ կտա նրանց զբաղվել պրոպագանդայով»։

Ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուն հրաժարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր արարողակարգային այցելությունից: Զուրաբյանը փոխանցեց, որ հանդիպմանը նաեւ այդ թեմային են անդրադարձել. - «Մենք հարցրեցինք նրան դրա մասին։ Ինքը մեզ պարզաբանեց, որ նման պարտադրանք չէին դրել ԵԽԽՎ-ի այլ նախագահների առջեւ»։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ խորհրդարանական ուժերի հետ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումները նախատեսված են հինգշաբթի օրը: Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունն արդեն հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում ԵԽԽՎ-ի նախագահին հանդիպել, քանի որ, դաշնակցական գործիչների համոզմամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր արարողակարգային այցելությունից հրաժարվելով` Մեւլութ Չավուշօղլուն նախապայման է դրել իշխանությունների առջեւ:

Մյուս խորհրդարանական խմբակցությունները մտադիր են հանդիպել ԵԽԽՎ-ի նախագահին։ Մայիսի 13-ին Չավուշօղլուն հանդիպումներ կունենա նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների դեսպանների, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ:

ԵԽԽՎ-ի նախագահը Հայաստանից կմեկնի մայիսի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG