Մատչելիության հղումներ

Թուրքիայի հայերի հոգեւոր առաջնորդի ընտրությունում անորոշությունը շարունակվում է


Պոլսո Հայոց պատիրարք Մեսրոպ Մութաֆյան

Թուրքիայի հայ համայնքը չի կարողանում պատրիարք ընտրել, մասամբ` իշխանությունների ձգձգումների, մասամբ` հավատացյալների համայնքի ներսի տարաձայնությունների պատճառով, գրում է Hurriyet-ը։

Եթե ներքին գործերի նախարարությունը առաջիկա 60 օրվա ընթացքում չհայտարարի ընտրությունների անցկացման օրը, հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են դիմել դատարան։

Հայկական հիմնադրամների ղեկավարներից ու անդամների ներկայացուցիչներից կազմված քաղաքացիական նախաձեռնող խումբը անցած շաբաթ արդեն երկրորդ անգամ դիմել է Ստամբուլի քաղաքային իշխանություններին։

Պոլսո Հայոց պատրիարք 54-ամյա Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ծանր հիվանդության պատճառով Պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը որոշել էր աթոռակից պատրիարք ընտրել։

Ամիսներ առաջ որոշվել էր, որ ընտրությունը անցկացվելու է մայիսի 12-ին։

Ըստ Թուրքիայում գործող կարգի` ընտրության օրը նշանակում է ներքին գործերի նախարարությունը։

Հայ համայնքի ներկայացուցիչ, նախաձեռնող խմբի անդամ Սեդրակ Դավությանը Hurriyet-ում զարմանք է հայտնում վերջին զարգացումների կապակցությամբ` ասելով, թե մինչ այս ընտրությունը, անցած յուրաքանչյուր ընտրության ժամանակ նախարարությունը փաստաթղթեր էր ուղարկում` մանրամասնելով ընտրությունների անցկացման բոլոր դետալները, բայց` ոչ այս անգամ։

Իշխանություններին ուղղված համայնքի առաջին դիմումը մնացել է անպատասխան, ու նրանք երկրորդ անգամ են դիմել կառավարական գրասենյակ։ «Օրենքով` մենք պետք է պատասխան ստանանք 60 օրվա ընթացքում, եթե չստանանք` կդիմենք դատարան», - հայտարարել է Դավությանը։

Hurriyet-ը գրում է, որ ընտրությունների խոչընդոտը միայն նախարարությունը չէ։ Ըստ հրապարակման` համայնքն ինքը դեռ վերջնական համաձայության չի եկել` պատրիա՞րք ընտրել, թե՞ աթոռակից պատրիարք։

Ամեն դեպքում, անցած մի քանի ամիսների ընթացքում երկու առանձին դիմում է ներկայացվել կառավարական գրասենյակ, մեկը` քաղաքացիական նախաձեռնող խմբի, մյուսը` Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի կողմից։

Հոգեւոր խորհուրդը պնդում է, որ պետք է աթոռակից պատրիարք ընտրվի, իսկ քաղաքացիական խումբը պնդում է, որ անհրաժեշտ է պատրիարք ընտրել։

Հայ Առաքելական եկեղեցու կանոններով` քանի դեռ պատրիարքը ողջ է, նոր պատրիարքի ընտրություն չի կարելի անցկացնել։

Բայց Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչները մտահոգված են, որ աթոռակից պատրիարքի ընտրության դեպքում կարող են իրավական խնդիրներ առաջանալ։

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Hurriyet-ին ասել է, թե ընտրությունները մայիսի 12-ին անցկացնելու որոշումը ընդունել է քաղաքացիական խումբը` առանց խորհրդակցելու հոգեւոր խորհրդի հետ։

«Ընտրության օրը որոշելու հարցում մենք սպասում ենք կառավարության գրասենյակի պատասխանին», - ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG