Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւ. «Առաջ ենք մղելու Ղարաբաղյան հակամարտության լուծումը»


Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները երկկողմ համաձայնագրերի կնքման արարողության ժամանակ, Անկարա, 12-ը մայիսի, 2010թ.
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները երկկողմ համաձայնագրերի կնքման արարողության ժամանակ, Անկարա, 12-ը մայիսի, 2010թ.

«Օգտագործելով բոլոր հնարավորությունները` Ռուսաստանյան Դաշնության հեղինակությունն ու ազդեցությունը, առաջ ենք մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, միեւնույն ժամանակ` այդ հարցում խորհրդակցելով նաեւ մեր թուրք գործընկերների հետ», - չորեքշաբթի օրը Անկարայում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ «ե'ւ Ռուսաստանը, ե'ւ Թուրքիան շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում»:

Ի պատասխան հարցի` արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանին առաջիկայում կմղի առավել ակտիվ քայլերի գնալ Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը նաեւ ԵԱՀԿ-ի միջնորդական Մինսկի խմբի անդամ է, Դմիտրի Մեդվեդեւը «հուսադրող» է որակել կարգավորման ուղղությամբ կատարվող քայլերը: Նա հստակեցրել է, որ մի շարք հարցերում ձեռք է բերվել համաձայնություն, սակայն չի կարելի ասել, թե բոլոր հարցերում առկա է փոխըմբռնում:

«Գործընթացում ավելորդ լարվածություն չստեղծելու նպատակով չէի ցանկանա այժմ մեկնաբանել առանձին շրջաններին, հակամարտության առանձին կետերին վերաբերող հարցեր, որովհետեւ հատուկ նրբանկատություն է անհրաժեշտ ցուցաբերել՝ հաշվի առնելով նաեւ Ռուսաստանի հատուկ դերը, որը այս հարցում ոչ թե հակամարտության կողմ է, այլ՝ միջնորդ։ Բայց բոլոր առանցքային հարցերը նախեւառաջ պետք է քննարկեն հակամարտության կողմերը` մասնավորապես Հայաստանն ու Ադրբեջանը», - ասել է Մեդվեդեւը` եզրափակելով. - «Կատարվել է կարեւոր քայլ առաջ, հիմա գլխավորը ձեռք բերվածի վրա կանգ չառնելն է»:

Անդրադառնալով հայ - թուրքական հաշտեցման գործընթացին` Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ «վերջին հաշվով կողմերը լուծման կհանգեն»:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը համատեղ ասուլիսի ժամանակ թե' Ղարաբաղյան հակամարտության եւ թե' հայ - թուրքական հարաբերությունների հաստատման մասին հնչած հարցերին չի արձագանքել:

«Թուրքիան եւ Ռուսաստանն իրականում ռազմավարական գործընկերներ են», - այս հայտարարությունը Մեդվեդեւն արել է արդեն վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ անցկացրած համատեղ ասուլիսում, որտեղ Մեդվեդեւը հայտարարեց, թե Էրդողանի հետ նույնպես քննարկել է Ղարաբաղյան բանակցային գործընթացը՝ նշելով, որ հարցի շուրջ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ քննարկումներ անցկացրել են:

Դմիտրի Մեդվեդեւի այցը Թուրքիա մեկնարկել է երեքշաբթի երեկոյան: Ռուսաստանի նախագահին այցի ընթացքում ուղեկցում են նախարարների կաբինետի մի շարք անդամներ, տարբեր բնագավառների բազմաթիվ այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, որը երկու նախագահների համատեղ ասուլիսին հետեւում էր սրահի առաջին շարքում նստած:

Մինչեւ մամուլի ներկայացուցիչների համար հայտարարություններ անելը երկու երկրների միջեւ տեղի էր ունեցել համաձայնագրերի կնքման պաշտոնական արարողություն:

Թե' Ռուսաստանի եւ թե' Թուրքիայի նախագահները կնքված բազմաթիվ համաձայնագրերի շարքում կարեւորել են վիզային ռեժիմի վերացման պայմանավորվածությունը:

Ինչպես նշել է Աբդուլա Գյուլը, «ամեն տարի Թուրքիա 3 միլիոն ռուս զբոսաշրջիկ է այցելում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG