Մատչելիության հղումներ

Բուհերում սկսվել է դիմորդների գործերի ընդունումը


Երեւանի պետհամալսարանի կենտրոնական մասնաշենքը

Երեւանի պետհամալսարանի կենտրոնական մասնաշենքը

Կրթության եւ գիտության նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնում այսօր ներկայացվեց կառավարության հաստատած բուհական ընդունելության քննությունների նոր կարգը:

Նոր կարգով, շրջանավարտները բուհեր իրենց դիմումները կարող են ներկայացնել մայիսի 5-ից մինչեւ հուլիսի 1-ը, իսկ դիմորդների մի մասը հնարավորություն ունի գործերը հանձնել մինչեւ հուլիսի 10-ը:

«Դրանք են՝ այս տարվա գարնանային զորակոչից զորացրված զինծառայողները, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր իրենց ուսումը այս տարի ավարտում են օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում, եւ այն շրջանավարտները, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն», - մանրամասնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մշակումների եւ կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը:

Նրա ներկայացմամբ, այս տարի Հայաստանում եւ Արցախում դիմորդների ընդհանուր թիվը 17 հազար 665 է՝ շուրջ 2 հազար դիմորդով պակաս, քան նախորդ տարի: Պաշտոնյան դա կապում է շրջանավարտների թվի նվազման հետ:

Կարո Նասիբյանը նաեւ փոխանցեց, որ եթե նախկինում դիմորդը կարող էր դիմել միայն որոշակի բնակավայրերի բուհեր՝ 2 անվճար եւ 6 վճարովի հայտով, ապա այս տարի դիմում-հայտերով կարելի է միաժամանակ դիմել տարբեր քաղաքների բուհեր:

«Երեւանի պետական համալսարան դիմած շրջանավարտը կարող է երկրորդ, երրորդ եւ մինչեւ ութերորդ հայտերով դիմել, ասենք, Գավառի պետական համալսարան, Գորիսի պետական համալսարան, Վանաձերի, Գյումրու: Նույնը կարող է անել, ասենք, Գավառի պետական համալսարան առաջին հայտով դիմում տված դիմորդը, երկրորդ հայտով դիմել Երեւանի պետական համալսարան կամ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն»:
XS
SM
MD
LG