Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները հանդիպելու են չորեքշաբթի օրը Երեւան ժամանող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլյութ Չավուշօղլուի հետ, թեեւ որեւէ ակնկալիք չունեն նրա այցից: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Կարապետյանի փոխանցմամբ` ՀԱԿ-ի հետ հանդիպման խնդրանքով դիմել է ԵԽԽՎ-ի նախագահը:

«Մենք որեւէ ակնկալիք չունենք ԵԽԽՎ-ի բարձրաստիճան պաշտոնյայի այցի կապակցությամբ», - հայտարարեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը` մանրամասնելով. - «ԵԽԽՎ-ն վերջին շրջանում ցույց է տվել, որ ոչ արդյունավետ կազմակերպություն է, որովհետեւ այն բոլոր հանձնարարականները, որ առկա են 4 բանաձեւերում` ընդունված 2008 թվականի մարտի 1-ի սպանդից հետո, որոնք վերաբերում են ժողովրդավարության վիճակին Հայաստանում, որեւէ հանձնարարական կատարված չէ»:

Վլադիմիր Կարապետյանը նաեւ հիշեցրեց, որ «չնայած փետրվարի 2-ի հայտարարությանը համազեկուցողների` առ այն, որ նրանք պատրաստվում են գալ Հայաստան եւ ուսումնասիրել վիճակը` կապված բարեփոխումների ծրագրի, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի, մասնավորապես, ձերբակալության հետ, իրականություն չի դարձել». - «Գարունը կարծես թե արդեն վերջանում է, եւ մինչ օրս մենք որեւէ տեղեկություն չունենք այդ այցի վերաբերյալ»:

Հարցին` պատրաստվո՞ւմ են արդյոք այդ մտահոգությունները հնչեցնել Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ, ՀԱԿ-ի ներկայացուցիչը արձագանքեց. - «Բնականաբար, հիմնական միտքը, որ մենք ասելու ենք, կառույցի ոչ արդյունավետ գործունեության վերաբերյալ է լինելու, ինչպես նաեւ ոչ սկզբունքային մոտեցումների, որ մենք ականատեսն ենք լինում վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ»:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում Չավուշօղլուի ընտրությանը` Վլադիմիր Կարապետյանը ընդգծեց. - «Նաեւ Հայաստանի պատվիրակության թեթեւ ձեռքով եւ լռակյաց կեցվածքի արդյունքում է, որ ԵԽԽՎ-ի նախագահ ընտրվել է Թուրքիան ներկայացնող պատգամավոր, որը այսօր արդեն նոր կարգավիճակով` միջազգային բարձրաստիճան չինովնիկի կարգավիճակով ժամանում է Հայաստան»:

Հայաստանի Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցությունը նախօրեին հայտարարել է, որ «նպատակահարմար չի գտնում» հանդիպել Չավուշօղլուի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG