Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի նախագահը ժամանեց Անկարա


Ռուսաստանի նախագահին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում դիմավորեցին պատվո պահակախմբով, 11-ը մայիսի, 2010թ.

Ռուսաստանի նախագահին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում դիմավորեցին պատվո պահակախմբով, 11-ը մայիսի, 2010թ.

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեքշաբթի երեկոյան Դամասկոսից ժամանել է Անկարա: Թուրքական մամուլի տեղեկություններով` Մեդվեդեւին ուղեկցող պաշտոնյաների, գործարարների եւ լրագրողների ընդհանուր թիվն անցնում է 200-ից: «Ռուսական պատվիրակությունը Թուրքիայի մայրաքաղաք է ժամանել չորս օդանավով», - տեղեկացնում է Hurriyet-ը:

Անկարա ժամանելուց անմիջապես հետո Մեդվեդեւն ու նրա թուրք գործընկեր Աբդուլա Գյուլը պաշտոնական ընթրիք են ունեցել:

Ռուսաստանի նախագահի այցի ընթացքում հիմնական հանդիպումներն ու բանակցությունները, սակայն, ծրագրված են չորեքշաբթի օրը:

Օրվա ընթացքում Ռուսաստանի նախագահը բանակցություններ կանցկացնի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, կայցելի Թուրքիայի Ազգային մեծ ժողով, կմասնակցի ռուս - թուրքական գործարար համաժողովի եւ երկկողմ համագործակցությունը համակարգող Բարձրագույն խորհրդի աշխատանքներին:

Թուրքական կողմը պնդում է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների հիմնական թեման լինելու է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը. այս մասին դեռ անցած շաբաթ հայտարարել էր Թուրքայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Պաշտոնական Մոսկվան, սակայն, ավելի ընդհանուր ձեւակերպումներով է հանդես գալիս` նշելով, թե «քննարկվելու է իրավիճակը Անդրկովկասում, Կիպրոսում եւ Մերձավոր Արեւելքում»:

Ռուսական կողմը կայանալիք հանդիպումների ընթացքում կարծես մտադիր է հիմնական շեշտը դնել տնտեսական, նախեւառաջ` էներգետիկ համագործակցության խնդիրների վրա:

Այցի մեկնարկից ժամեր առաջ պատասխանելով լրագրողների հարցերին` Ռուսաստանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Սերգեյ Պրիխոդկոն նշել էր. - «Բանակցությունների ընթացքում առաջնահերթը տնտեսական, առեւտրական կապերի ամրապնդման հարցն է լինելու»:

Ռուսաստանցի պաշտոնյան հիշեցրել է, որ 2009 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հասել է 19 միլիարդ ամերիկյան դոլարի:

Ինչ վերաբերում է էներգետիկ խնդիրներին, ապա այստեղ ռուսական կողմը քննարկման առարկա է դարձնելու նոր նավթամուղի կառուցման ծրագիրը, որը կկապի Սեւ ծովի ափին գտնվող թուրքական Սամսուն եւ Միջերկրականի ափին գտնվող Ջեյհան նավահանգիստները: Ծրագրի իրագործման դեպքում հնարավոր կլինի ռուսական նավթի ուղղակի մատակարարումները իրականացնել Սեւ ծովի հատակով` միանգամից դեպի Հարավային Եվրոպայի երկրներ:

Դժվարին քննարկումներ են սպասվում նաեւ թուրքական առաջին ատոմակայանի կառուցման շուրջ, որն իրականացնելու պաշտոնական հայտ է ներկայացրել ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը: «Արտերկրում նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցությունները երբեք էլ դյուրին ընթացք չեն ունենում: Կարող եմ ասել, որ դրանք երբեմն շատ թեժ են լինում», - ընդգծել է Պրիխոդկոն: Ու թեեւ տեխնիկական խնդիրներում պաշտոնական Անկարան եւ Մոսկվան որոշ չհաղթահարված տարաձայնություններ ունեն, այնուհանդերձ` ատոմակայանի կառուցման մասին միջանկյալ արձանագրություն չորեքշաբթի օրը Անկարայում ստորագրվելու է:

Ընդհանուր առմամբ, ստորագրվելիք երկկողմ համաձայնագրերի ընդհանուր թիվը 25 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG