Մատչելիության հղումներ

Մայիսի 12-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը երեկ կարծիք է հայտնել, թե իշխանությունների ներսում եւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ առայժմ լուրջ տարաձայնություններ չկան, բայց եթե հանկարծ ինչ-որ խնդիր առաջանա (ասենք` ԲՀԿ-ն պահանջի վարչապետի հրաժարականը), այդ դեպքում «իշխանության բոլոր օղակներում կհաղթի Հանրապետականը»: Ռաֆիկ Պետրոսյանն, իհարկե, առնվազն երկու հարցում սխալվում է: Նախ` հաղթողը Հանրապետականը չէ, հաղթողը վարչական ռեսուրսն է, ուժայիններն են, իշխանական լծակներն են, ու եթե իշխանությունների ներսում խնդիրներ առաջանան, դեռ հայտնի չէ, թե այդ լծակներն ու ռեսուրսներն ում օգտին կաշխատեն: Երկրորդ` «հակամարտող կողմերն» ամեն դեպքում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն լինելու, այլ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, եւ գլխավոր մրցանակն էլ ոչ թե վարչապետի, այլ նախագահի աթոռն է լինելու»:

«Ժամանակ»-ն անդրադառնում է Ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված հրադադարի 16-րդ տարելիցին եւ արձանագրում. - «16 տարին գրեթե մի ամբողջ սերունդ է, ծննդից չափահաս դառնալու մի ամբողջ ժամանակաշրջան: Ինչպիսի՞ն է իրավիճակը այդ ժամանակաշրջանն անց, ի՞նչ ունեինք հրադադարի պահին եւ ի՞նչ ունենք այժմ՝ հրադադարից «մի սերունդ» անց: Դժբախտաբար, այդ առումով կարծես թե հուսադրող եւ հպարտանալու քիչ առիթ կա, եւ երբ փորձում ենք խորքային հայացք նետել անցած 16 տարիներին՝ սկզբից մինչեւ հիմա, ապա տեսնում ենք, որ ամենաշոշափելին եղել է ժամանակի կորուստը: Երբ կատարում ենք զուտ ֆիզիկական դիտարկում, ապա ստացվում է, որ անցած 16 տարիների ընթացքում կարծես թե եղել են զգալի փոփոխություններ դրական իմաստով՝ հաղթահարվել է էներգետիկ ճգնաժամը, բոլոր թերություններով հանդերձ սկսել է քիչ թե շատ աշխատել տնտեսությունը, աշխատատեղեր են բացվել, երկրի արտաքին տեսքն է փոխվել, գեղեցիկ շենքեր են կառուցվել եւ այլն: Բայց երբ իրավիճակը ենթարկում ենք փոքր-ինչ խորքային դիտարկման, ապա ոչ պակաս տեսանելի եւ շոշափելի է դառնում այն, որ հրադադարի կնքման ժամանակ տնտեսապես շատ ծանր վիճակում գտնվող Հայաստանը, այդուհանդերձ, ավելի ինքնավստահ էր, ավելի ուժեղ, հնարավորություններով լեցուն»:

«Հայկական ժամանակ»-ը իր այսօրվա համարում տպագրել է վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի լուսանկարը, որում նրանք համատեղ կտրում են «Արտֆուդ» ընկերության նոր արտադրամասի հանդիսավոր բացման ժապավենը: Թերթը մեկնաբանում է. - «Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չպարունակող այս տեսարանը, սակայն, երեկ քաղաքական շրջանակներում քննարկվող հիմնական թեման էր: «Արտֆուդ» ընկերության արտադրամասի բացման հետ Ծառուկյանը ոչ մի կապ չունի, բայց Հովիկ Աբրահամյանի ջանքերով նա հայտնվեց վարչապետի կողքին, եւ նրանք «խնդալով նկարվեցին»: Այդ ժպիտները հետեւում, սակայն, ուշագրավ իրավիճակ է թաքնված»: Հիշեցնելով, որ Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետի թիմի հարաբերությունները վերջերս այնքան էլ լավ չէին՝ թերթը նշում է. - «Երեկ Հովիկ Աբրահամյանը որոշել է ինչ-որ կերպ «մերձեցման երեկո» կազմակերպել վարչապետի ու Գագիկ Ծառուկյանի համար եւ արդյունքում, վերջին պահին հրաժարվել է մկրատից, եւ սարքել է այդ պատկերը՝ վարչապետն ու Ծառուկյանը իրար հետ մտերմիկ ժպտալով ժապավեն են կտրում: Անշուշտ, դժվար թե սա մեծ ազդեցություն ունենա դեպքերի հետագա զարգացման վրա, սակայն սա առավելագույնն է, որ այս պահին կարող է անել Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի եւ, բնականաբար, իր համար»:

«Առավոտ»-ի խմբագրականն անդրադառնում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման մասին խոստումների եւ իրականության մեծ տարբերությանը. - «Զուտ նյութական տեսանկյունից Հայաստանի նման երկրում մարդկանց կյանքը կարող է թեթեւացնել փոքր ու միջին բիզնեսը: Ի՞նչ է դրա համար արվել Հայաստանում: Շատ բան. բազմաթիվ միջազգային կազմակերպություններ եւ տերություններ փոքր եւ միջին ձեռնակությունների համար դրամաշնորհներ են հատկացնում, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ այդ դրամաշնորհներն «ուտում են», կան ինչ-որ «հիմնադրամներ» եւ «ինկուբատորներ», որոնց գործերը թղթի վրա բարեհաջող են ընթանում: Այդ բուռն գործունեության արդյունքում, սակայն, ոլորտը գնալով «հալվում է»՝ իր տեղը զիջելով օլիգարխիկ մենաշնորհներին: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Օրինակ, կառավարությունն առաջարկում է փոխանակման կետերի տարեկան տուրքը 50 հազար դրամից դարձնել 1 միլիոն դրամ, իսկ գրավատներինը՝ 100 հազարից՝ 6 միլիոն: Պարզ է, որ արդյունքում «չենջնոցների» եւ գրավատների մեծ մասը կփակվի՝ մենաշնորհի ճանապարհը բացելով վարչապետ համար «հոգեհարազատ» բանկային ոլորտի համար: Որպես հետեւանք՝ ծառայությունները, իհարկե, կթանկանան, իսկ մոտ 300 ընտանիք կմնա առանց եկամտի աղբյուրի»:

«Հայոց Աշխարհ»-ը հարցազրույց է վերցրել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից: Հարց. - «Մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինծառայությունից տարկետման հնարավորություն տվող տեղերը կրճատելու կառավարության նախաձեռնության դեմ բողոքներին ինչպե՞ս եք վերաբերվում։ Համաձա՞յն եք, որ այդպիսով կառավարությունը անդառնալի հարված է հասցնում հայրենի գիտությանը»։ Պատասխան. - «Այդ որոշումը, կարծում եմ, լիովին տեղավորվում է կրթական բարեփոխումների շրջանակում։ Այդ համատեքստում մեզ համար առաջնային նշանակություն ունի կրթության որակը, բայց դա չի նշանակում, թե մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում պատրաստվում են համատարած վունդերկինդներ, որ անպայման պետք է դառնան գիտնականներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG