Մատչելիության հղումներ

Արամ Համբարյան. «Օբաման կճանաչեր Ցեղասպանությունը՝ եթե չլիներ այդ պատրվակը»


ՀՅԴ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը հայտարարեց, թե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում, ամենայն հավանականությամբ, կճանաչեր Հայոց ցեղասպանությունը՝ եթե չլինեին հայ-թուրքական արձանագրությունները:

«Եթե այդ պատրվակը չլիներ, ամենայն հավանականությամբ, նախագահ Օբաման կճանաչեր Հայոց ցեղասպանությունը», - ասաց նա:

Գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը՝ Համբարյանը ասաց, թե, իր կարծիքով, այժմ «Հայաստանում, Թուրքիայում եւ Միացյալ Նահանգներում տեղի է ունենում գործընթացի վերաարժեվորում»:

Դաշնակցական գործչի համոզմամբ՝ Հայաստանի կառավարությունը «գիտակցում է, որ մեկ տարի առաջ շատ լուրջ սխալ է թույլ տվել՝ ստորագրելով այդ արձանագրությունները». Հայաստանը «շատ լուրջ զիջում կատարեց՝ համաձայնելով ստեղծել պատմաբանների հանձնաժողովը», «Հայաստանը նաեւ մեծ սխալ թույլ տվեց, երբ համաձայնեց այդ արձանագրություններում ամրագրել սահմանի հետ կապված հարցը», «Հայաստանը նաեւ այս արձանագրություններով ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին եւ կառավարությանը առիթ տվեց խուսափել Հայոց ցեղասպանության ճանաչումից, իսկ Թուրքիան ուժեղացրեց իր լծակները ղարաբաղյան կարգավորման հարցում»:

Մինչդեռ Թուրքիան, ըստ Համբարյանի, «հիասթափության մեջ է», քանի որ «նպատակ ուներ ոչ թե բացել սահմանը, այլ, օգտագործելով արձանագրությունները, կանխել Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ խուսափել կատարած հանցագործության պատասխանատվությունից». - «Բայց Թուրքիան հասկացավ, որ չի կարող իրականացնել իր այդ գլխավոր նպատակը, եւ չստացավ ցանկալի արդյունք»:

«Միացյալ Նահանգների կառավարությունը տեսնում է այս ամենը», - շարունակեց Համբարյանը: - «Կարծում եմ, որ Սպիտակ տունը եւ Պետքարտուղարությունը այլեւս չեն հանդուրժում Թուրքիայի այս մոտեցումը: Եվ մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին դա իր արտահայտությունը կստանա»:

Համբարյանը նաեւ հայտարարեց, թե «Թուրքիայի կողմից արձանագրությունները վավերացնելու բոլոր ողջամիտ ժամկետները անցել են». - «Բոլորը հասկանում են, որ Թուրքիան ընդամենը օգտագործում է այս գործընթացը Ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխելու եւ Ղարաբաղի հարցում ճնշում գործադրելու համար: Ուստի Թուրքիայի համար կարեւորը գործընթացն է, Հայաստանի համար՝ այդ գործընթացի արդյունքը»:

«Հայաստանի իշխանությունները պետք է լսեն հայ ժողովրդի կարծիքը եւ ետ կանչեն այդ արձանագրությունների տակ դրած ստորագրությունները», - եզրափակեց Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:
XS
SM
MD
LG