Մատչելիության հղումներ

Մինչճգնաժամային տվյալների համեմատ աճել է գյուղատնտեսության ոլորտում «չաշխատող» վարկերի ծավալը


Հայաստան -- Լոռու մարզի Բազում գյուղը, արխիվ
Հայաստան -- Լոռու մարզի Բազում գյուղը, արխիվ

Մինչ տնտեսական ճգնաժամը եղած տվյալների համեմատ` գյուղատնտեսության ոլորտում չաշխատող կամ ժամկետանց վարկերի ծավալը աճել է ավելի քան 50%-ով: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդպիսի տվյալ փոխանցեց Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի քաղաքականության եւ ֆինանսական կայունության վարչություն պետ Վահե Վարդանյանը:

Ներկայացվածի համաձայն, չնայած տարբեր ոլորտներում ընդհանուր չաշխատող վարկերի ծավալը այսօր կազմում է 5.6%-ը, եւ այս ֆոնին գյուղատնտեսության ոլորտում նույն` չաշխատող վարկերի թիվը ավելի փոքր է` 4.8%, բայց 2008 թվականի վերջին այն մոտ 3% էր: Այսինքն` չաշխատող վարկերի ծավալը շատացել է ավելի քան կիսով չափ:

Այդքանով հանդերձ, Վահե Վարդանյանը մտահոգիչ չբնութագրեց իրավիճակը. - «Նույնիսկ կարող եմ ասել՝ ընդունելի մակարդակ է, եւ այս հետճգնաժամային իրավիճակում, երբ որ մենք սկսել ենք վերականգնվել, իմ կարծիքով 4.8 տոկոսը գյուղատնտեսության բլոկի համար բավականին լավ ցուցանիշ է»։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` տնտեսագետ Սամվել Ավագյանն ասաց, թե չնայած Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի վարկավորումը ռիսկային է համարվում, ու այդ է պատճառը, որը ներկայումս բնագավառը վարկավորում են ընդամենը երկու բանկ, բայց վերջիններս իրենց ռիսկերը փոխհատուցում են բարձր տոկոսադրույքներով (օրինակ, ներկայում ACBA-Credit-Agricole բանկը կարճաժամկետ` մինչև 3 տարի տրվող գյուղատնտեսական վարկերը տալիս է 15-24% տոկոսադրույքով):

Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարաման ծառայության տրամադրած տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում ծառայությունը հարուցել է 3790 կատարողական վարույթ` բանկերի օգտին 2.8 միլիարդ դրամի բռնագանձման պահանջներով: Կատարողական թերթերի մոտ 40%-ը, կամ 1515-ը, ներկայացված էր ACBA-Credit-Agricole բանկի օգտին, իսկ պարտապանների ճնշող մեծամասնությունը գտնվում է Երեւանից դուրս։

Տնտեսագետ Սամվել Ավագյանի գնահատմամբ` հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների հետ կապված վերոհիշյալ խնդիրները` պետք է ենթադրել, որ բռնագանձումների մեծ մասը վերաբերում են հենց գյուղացիական տնտեսություններին:

ACBA-Credit-Agricole բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Հակոբ Անդրեասյանը, ով բանկի վարկային ոլորտի պատասխանատուն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այսօր Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի վարկավորման շուրջ 70%-ը իրականացնում է հենց իրենց բանկը եւ շարունակեց, թե իրենք խնդիրներ չունեն գյուղատնտեսական վարկերի վերադարձելիության առումով: Այդ ճյուղում բանկի չաշխատող վարկերի ծավալը կազմում է ընդհանուրի մոտ 2.3%-ը, ինչը գրեթե նույնն է մինչեւ տնտեսական ճգնաժամը եղած տվյալների համեմատ:

«Խոսել, որ էսօր մեր բանկում լուրջ պրոբլեմներ կա՝ հիմք չեմ տեսնում դրա տակ։ Միայն այս առաջին 4 ամիսների ընթացքում մենք շուրջ 30 միլիոն դոլարի գյուղատնտեսական վարկեր ենք տրամադրել։ Եթե մենք պրոբլեմներ ունենայինք, ինչպե՞ս կարող էինք վարկեր տրամադրել», - հարցնում է ACBA-Credit-Agricole բանկի գլխավոր տնօրենի տեղակալը։

Գյուղատնտեսության նախարարության Գյուղական ֆինանսավորման կառույցի ղեկավար Արա Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. թե կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի թիվ 706Ն որոշմամբ` Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերի 60 համայնքների գյուղացիական տնտեսությունների վարկերի տոկոսադրույքները փակում է կառավարությունը` այն պայմանով, որ վերջին երեք տարվա ընթացքում այդ տնտեսություններն առաջին անգամ են վարկ վերցնում: Մինչ օրս այդ նպատակով հատկացվել է մոտ 20 միլիոն դրամ: Մուրադյանը նշեց, թե ծրագիրը ավարտվելու է տարվա վերջին, ու ենթադրվում է, որ այն կերկարաձգվի:

Տնտեսագետ Սամվել Ավագյանի գնահատմամբ, այդուհանդերձ, կառավարությունը լուրջ անելիքներ ունի գյուղատնտեսության ոլորտին աջակցելու հարցում:

«Կառավարությունը կարծես թե լրիվ հրաժարվել է որեւիցե աջակցության ծրագրից, որը ողջունելի չէ։ Առանց այն էլ գյուղատնտեսությունը համարվում է ցածր մրցունակության ոլորտ՝ աշխարհի բոլոր երկրներում էլ դա այդպես է։ Իսկ ճգնաժամային պայմաններում գյուղատնտեսությունը ամենամեծ հարված ստացող ճյուղերից մեկն է, որովհետեւ գյուղացին երբեք իր կամքով չի կարողանում գին սահմանել շուկայում», - նշեց Սամվել Ավագյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG