Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը ընկերակցային համաձայնագրեր կառաջարկի հարավկովկասյան 3 երկրներին


Եվրոպական միության Արտաքին քաղաքականության և անվտանգության խորհրդի բարձրագույն ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոն

Եվրոպական միության Արտաքին քաղաքականության և անվտանգության խորհրդի բարձրագույն ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոն

Շուրջ մեկ տարի շարունակված քննարկումներից հետո Եվրամիության 27 անդամ երկրների արտգործնախարարները ապրիլի 10-ին համաձայնեցին հարավկովկասյան երեք երկրների հետ պաշտոնական բանակցություններ սկսել ընկերակցային համաձայնագիր կնքելու շուրջ։

Այս փաստաթուղթը եվրոպական ընտանիքին լիարժեք անդամակցություն չի խոստանում, սակայն մի շարք շահավետ հնարավորություններ է բացում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի առջեւ։ Բանակցությունների բարեհաջող ընթացքի եւ համաձայնագրի ստորագրման դեպքում, մասնավորապես, տարածաշրջանի երկրները կստանան լուրջ ֆինանսական ու տեխնիկական օգնություն, գործարարները՝ անարգել եվրոպական շուկաներ մուտք գործելու, քաղաքացիները՝ առանց մուտքի վիզայի Եվրոպա մեկնելու հնարավորություն։

«Բանակցային հանձնարարականների ընդունումը ԵՄ և Հարավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացման մեր հանձնառության ակնհայտ վկայությունն է», - հայտարարել է Եվրոպական միության Արտաքին քաղաքականության եւ անվտանգության խորհրդի բարձրագույն ներկայացուցիչ եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը՝ ընդգծելով, որ գործընթացը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների ու սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքի վրա։

Բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրամիության գործադիր թեւին՝ Եվրահանձնաժողովին, տրված մանդատը, սակայն, միայն առաջին քայլն է։ Բուն բանակցությունները կարող են մի քանի տարի շարունակվել։ Շատ բան կախված է համաձայնագրին ձգտող երկրների իշխանություններից, Եվրամիության պահանջներն ու առաջարկվող բարեփոխումները իրագործելու պատրաստակամությունից։

«Բանակցությունների բարեհաջող ընթացքի եւ համաձայնագրերի կնքման դեպքում Հարավային Կովկասի երկրների առջեւ կբացվի Եվրամիությանը աստիճանաբար տնտեսապես ինտեգրվելու հեռանկարը», - հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Քեթրին Էշթոնը՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացը երեք երկրներից յուրաքանչյուրի հետ տարվելու է առանձին, եւ հաջողությունը կախված է լինելու դրանցից յուրաքանչյուրի ցուց տված ցուցանիշներից եւ արդյունքներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG