Մատչելիության հղումներ

«Արտֆուդ» ապրանքանիշը ներկայացնող «Արտաշատի պահածոների գործարան» ընկերության հյութերի արտադրման նոր հոսքագծի բացման արարողությանը երեքշաբթի օրը մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, երկրի ամենախոշոր գործարարներից Գագիկ Ծառուկյանը, պատգամավորներ, կառավարության այլ անդամներ։

Նախատեսվում էր, որ գործարանի տնօրենի հետ նոր արտադրամասի բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու էին Տիգրան Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը, սակայն արդյունքում ԱԺ նախագահի փոխարեն ժապավենը կտրեց Գագիկ Ծառուկյանը։

Բացման արարողությանը հնչեցրած իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, ասաց. - «Նոր հոսքագծի բացումը ստեղծելու է նոր հնարավորություններ եւ էապես ավելացնելու է գյուղատնտեսությունից ներկրվող ապրանքների ծավալները, ինչը, բնականաբար, խթան է լինելու գյուղատնտեսության զարգացման համար»։

Պետեկամուտների կոմիտեի վերջերս հրապարակած 700 խոշոր հարկատուների ցանկում «Արտաշատի պահածոների գործարանը» զբաղեցնում է 442-րդ տեղը: Գործարանում, ըստ գործադիր տնօրենի, աշխատում է առավելագույնը 550 բանվոր:

Գագիկ Ծառուկյան. «Ես կտրեցի, որ հաջող լինի»


Արարողությունից հետո, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ինքը կտրեց կարմիր ժապավենը՝ Ծառուկյանը նախ հայտնեց, որ որեւէ կապ չունի գործարանի հետ։

«Դե ինձ վստահեցին, որ ես կտրեմ [ժապավենը], ես էլ կտրեցի, որ հաջող լինի, առատություն լինի», - ասաց Ծառուկյանը՝ հավելելով. - «Այնպես որ, լավ բաներին կարող եք հրավիրել Ծառուկյանի մասնակցությունը, որ ամեն ինչ լավ լինի»։

Մարտի կեսերին Գագիկ Ծառուկյանը քննադատել էր կառավարության, մասնավորապես, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հնչեցրած գնահատականները այն մասին, որ Հայաստանը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից։ Ծառուկյանը հայտարարել էր, թե նախարարը «չի տիրապետում ո'չ երկրի էկոնոմիկային, ո'չ էլ երկրի տնտեսական վիճակին»։

Արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այժմ ինչպե՞ս է գնահատում տնտեսական վիճակը, Ծառուկյանը ասաց. - «Կարող եմ ասել, որ կառավարությունը մեծ ուշադրություն պետք է դարձնի, որ այսպիսի արտադրամասեր հանրապետության բոլոր մարզերում լինեն»։

Հովիկ Աբրահամյան. «Ամեն ինչ էլ ունենք»


Ազգային ժողովի ղեկավարը հազվադեպ է մասնակցում որեւէ ձեռնարկության արտադրամասի բացմանը։ Հարցին, թե ի՞նչն է այստեղ բերել խորհրդարանի նախագահին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքը մեծամասնական ընտրակարգով Արտաշատից ընտրված պատգամավոր է, դրա համար էլ այստեղ է։

«Գործարանում ինչ-որ անձնական շահագրգռվածություն ունե՞ք», - հարցին Աբրահամյանը կարճ պատասխանեց՝ «ամեն ինչ էլ ունենք»։

ԱԺ-ի նախագահը, սակայն, հավելեց, որ պետք չէ հավատալ թերթերում արվող հրապարակումներին, որ ինքը Արտաշատում շատ բիզնեսներ ունի. - «Ես չգիտեմ ինչքան են ասել։ Եթե ի նկատի ունեք թերթերը՝ իրականությանը չի համապատասխանում»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG