Մատչելիության հղումներ

Նոր բացահայտումներ Հրանտ Դինքի սպանության գործում


«Էրգենեկոն» ընդհատակյա ցանցի առնվազն վեց անդամներ ուղղակի առնչություններ են ունեցել Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող անձանց հետ», - պնդում է թուրքական ոստիկանությունը։

Թուրք իրավապահների այս բացահայտումը հրապարակվել է երեկ` Դինքի սպանության գործով հերթական՝ թվով 13-րդ դատական նիստի ընթացքում։ Ոստիկանության Ստամբուլի վարչությունը պատասխանել է Հրանտ Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանների դիմումին` հրապարակելով «Էրգենեկոն»-ի գործով անցնող այն կասկածյալների անունները, ովքեր տարբեր ժամանակահատվածներում հեռախոսազրույցներ են ունեցել «Ակոս»-ի խմբագրապետի մահափորձն իրականացրած խմբի անդամների հետ։

Ոստիկանության հրապարակած ցուցակում են ժանդարմերիայի պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը, փաստաբան Քեմալ Քերինչսիզը եւ գնադապետ Մուստաֆա Լեւենտ Գյոքշաթը։

Քննիչների պնդմամբ, այս անձիք «Էրգենոկոն»-ի գործում առանցքային դերակատարություն ունեն։ Գեներալ Վելի Քյուչուքը, ով ադբեջանական ծագում ունի, դեռ 2007-ին` ձերբակալությունից անմիջապես հետո, հայտարարել էր. - «Ինձ պատժում են ASALA-ի հայ զինյալների դեմ պայքարելու եւ Խոջալույում ադրբեջանցիների դաժան ջարդերի մասին խոսելու համար»։

Ծայրահեղ ազգայնական հայացքներով հայտնի փաստաբան Քեմալ Քերինչսիզի ներկայացրած հայցերի հիմա վրա էին հարուցվել Օրհան Փամուկի եւ Հրանտ Դինքի դեմ քրեական գործերը:

Ոստիկանության ներկայացրած ցանկում ընդգրկված է եւս մի գործիչ` պաշտոնաթող գնդապետ Մուստաֆա Լեւենթ Գյոկթաշը։ Նա է 1999-ին ղեկավարել Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի ձերբակալության գաղտնի գործողությունը Քենիայում:

Դինքի փաստաբանները դեռ անցած աշնանն էին խոսել ազգայնական գործիչների, պաշտոնաթող զինվորականների եւ «Ակոս»-ի խմբագրի սպանությունն իրականցրած խմբի անդամների կապերի մասին՝ չբացառելով, որ ստամբուլահայ լրագրողի` 2007-ի հունվարին իրականացված սպանությունը շատ ավելի ծավալուն դավադրության միայն մի դրվագ էր։

Երեկվա դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել նաեւ այսպես կոչված «գաղտնի վկան»։

Հրանտ Դինքի սպանության ականատեսը արդեն երրորդ տարին է, ինչ ոստիկանության հատուկ հսկողության ներքո է, նրա ինքնութունը չի գաղտնազերծվում։ Երեկվա դատական նիստի ընթացքում այս վկան գտնվել է հարեւան սենյակում, նրա ձայնը հատուկ սարքերի օգնությամբ անճանաչելի է դարձվել։ Գաղտնի վկան պնդել է, որ Դինքի սպանությունից հաշված րոպեներ առաջ տեսել է մի քանի հոգու, որոնք խմբված էին «Ակոս»-ի խմբագրության մուտքից ոչ հեռու։ Նրանք, ըստ վկայի, սպանությունից անմիջապես հետո արագորեն լքել են տարածքը։ Վկայի պնդմամբ, այս խմբի մեջ էին սպանության անմիջական հեղինակը` Օգյուն Սամաստը, ինչպես նաեւ կասկածյալներից եւս երկուսը` Յասին եւ Օսման Հայալները։ Եթե հետագայում գաղտնի վկայի ցուցմունքները հաստատվեն, կհերքվի նախաքննության ընթացքում առաջ քաշված այն վարկածը, որի համաձայն մարդասպան Օգյուն Սամաստը Տրապիզոնից միայնակ էր ուղեւորվել Ստամբուլ` «Ակոս»-ի խմբագրին սպանելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG