Մատչելիության հղումներ

Կաննի կինոփառատոնը դեռ չսկսված հասցրել է սկանդալի պատճառ դառնալ


Կաննի 63-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցապաստառը

Կաննի 63-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցապաստառը

Կաննի հեղինակավոր կինոփառատոնը դեռ չսկսված արդեն հասցրել է սկանդալի պատճառ դառնալ:

Նախօրեին Իտալիայի կառավարությունը` ի դեմս մշակույթի նախարար Սանդրո Բոնդիի, խստորեն քննադատել է Կաննի 63-րդ կինոփառատոնի ծրագիրը եւ հայտարարել, թե ետ` Կանն է ուղարկում փառատոնին մասնակցելու հրավերը:

Նախարարին զայրացրել է այս տարվա մրցութային ծրագրում ընդգրկված «Դրակվիլա` դողացող Իտալիա» վավերագրական ժապավենը, որտեղ ռեժիսոր Սաբինա Գուցանտին ներկայացնում է, թե ինչ քայլեր է ձեռնարկել Իտալիայի կառավարությունը անցած տարի Ակվիլա քաղաքին պատուհասած երկրաշարժից հետո, եւ ինչպես է վարչապետ Բերլուսկոնին օգտագործել հարյուրավոր կյանքեր խլած այդ աղետը սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով:

Երկրաշարժից հետո Սիլվիո Բերլուսկոնին մի քանի անգամ այցելեց Ակվիլա, որտեղ նույնիսկ Մեծ ութնյակի գագաթնաժողովը կազմակերպեց` եւս մեկ անգամ շեշտելով, թե որքան կարեւոր է իր համար այդ քաղաքը եւ դրա վերականգնումը:

«Այս աղետը խիստ ձեռնտու էր Բերլուսկոնիին, որի վարկանիշը այն ժամանակ հասել էր քաղաքական կարիերայի մեջ ամենացածր ցուցանիշին` թերթերի առաջին էջերում հայտնված սեքս-սկանդալի պատճառով», - պնդում է ֆիլմի ռեժիսորը եւ փաստում. - «Չայած վարչապետի տված խոստումներին` 52 հազար մարդ այսօր էլ շարունակում է մնալ անտուն, նոր կառուցված բնակավայրերում չկան ապրելու համար տարրական պայմաններ, մինչդեռ կառուցապատման համար պատասխանատու մի շարք պաշտոնյաներ կանգնած են դատարանի առջեւ կոռուպցիոն մեղադրանքներով»:

«Այս ֆիլմը արտացոլում է Իտալիայի դանդաղ անցումը դեպի բռնապետություն», - տեղական հեռուստատեսություններից մեկի եթերում պնդել է ռեժիսորը, ով ժապավենը նկարահանելու համար մի քանի ամիս ապրել է աղետի գոտում:

Կառավարությունը հերքում է ներկայացված փաստերը` պնդելով, թե դրանք վիրավորում են ճշմարտությունը եւ Իտալիայի ժողովրդին:

Այդուամենայնիվ, թե' երկրի ներսում, թե' Իտալիայից դուրս քչերն են ողջունում կառավարության որոշումը` ֆիլմը բոյկոտելու եւ փառատոնին չմասնակցելու վերաբերյալ:

«Յուրաքանչյուր ոք պետք է խոսքի եւ տեսակետների ազատության իրավունք ունենա», - հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար, նախագահ Սարկոզիի հատուկ ներկայացուցիչ Ժակ Լանգն ու ընդգծել. - «Դա աբսուրդ որոշում է, հատկապես` մի կառավարության կողմից, որտեղ իշխում է «Ազատության ժողովուրդ» անունը կրող կուսակցությունը»:

Կաննի 63-րդ կինոփառատոնը մեկնարկում է մայիսի 12-ին եւ շարունակվելու է մինչեւ մայիսի 23-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG