Մատչելիության հղումներ

Գիտության զարգացման հիմնահարցերը` գիտաժողովի օրակարգում


Ջերմուկում ավարտվել է «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով եռօրյա գիտաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը: Գիտաժողովի նպատակն էր գիտական հանրությանը ներկայացնել Գիտության պետական կոմիտեի երկամյա աշխատանքները եւ դրանցից ակնկալվող արդյունքները:

Գիտական հանրության հետ քննարկելով երկրում առկա գիտության զարգացման հիմնահարցերը, լսելով գիտնականների առաջարկներն ու դիտողությունները` Գիտության պետական կոմիտեն ամփոփեց գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որն առաջիկայում նախատեսվում է ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Գիտական ռազմավարությունը ՀՀ գիտության ոլորտում այժմ առկա հիմնախնդիրների ու զարգացման հեռանկարների ամբողջությունն է: Այն հիմք է հանդիսանում գիտության ոլորտի զարգացման 2011-2020 թթ. ռազմավարական ծրագրերի մշակման համար: Ռազմավարության ծրագրում առանձին տեղ է զբաղեցնում հայագիտությունը։
Գիտաժողովի ընթացքում քննարկվեց նաեւ ֆինանասավորման նոր հայեցակարգ, գիտական փորձաքննություն նոր համակարգը, գիտական հիմնարկների անձնագրավորման հարցը եւ գիտության ոլորտի այլ արդիական խնդիրներ։

Գիտության պետական կոմիտեն երիտասարդ գիտնականների համար իրականացրել է մրցույթ, որի արդյունքում ֆինանսավորվել է 24 երիտասարդական գիտական ծրագիր` հիմք դնելով միջազգային համագործակցության նոր կապերի:

XS
SM
MD
LG