Մատչելիության հղումներ

Եվրադատարանից ստացվել են «Մարտի 1»–ի գործերով առաջին արձագանքները


«7–ի գործով» դատաքննությունը, Երեւան, 17–ը հունիսի, 2009թ.

«7–ի գործով» դատաքննությունը, Երեւան, 17–ը հունիսի, 2009թ.

Մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ քրեական հետապնդումների ենթարկված ընդդիմադիր ակտիվիստների գործերով բողոքների վերաբերյալ Եվրադատարանից ստացվել են առաջին արձագանքները:

Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի գործերի` նախնական կալանքին վերաբերող մասի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բողոքարկող կողմից լրացուցիչ փաստաթղթեր է խնդրել, որոնք ստանալուց հետո հարցադրումներ կներկայացնի Հայաստանի կառավարությանը` փաստաբանի վկայակոչած խախտումների վերաբերյալ:

Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել են 2008 թվականի մարտի սկզբին` պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով, եւ մինչ «7-ի գործով» դատաքննության սկիզբը շուրջ 9 ամիս անազատության մեջ էին:

Փաստաբան Մելանյա Առուստամյանը Մալխասյանի եւ Հակոբյանի կալանքի ժամկետը չորս անգամ երկու ամսով երկարաձգելու` առաջին ատյանի դատարանի որոշումները բողոքարկել էր դատական վերադաս ատյաններում, եւ մերժում ստանալով` գանգատ էր ներկայացրել Եվրադատարան:

Փաստաբանի պնդմամբ, խախտվել է նախկին պատգամավորների` ազատության իրավունքը, որովհետեւ նախաքննական մարմինն ու դատարանը, ըստ նրա, չեն հիմնավորել կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություններն ու վճիռները: «Նախաքննական մարմինը միայն թվարկում էր, իսկ դատարաններն էլ առանց խորանալու` միանման «տրաֆարետային» որոշումներ էին կայացնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Մելանյա Առուստամյանը:

«Եվրոպական կոնվենցիայի պահանջն է` անձին կալանքի տակ պահելու համար պետք է լինի հիմնավոր կասկած` անձի փախուստի ռիսկ, թաքնվելու վտանգ եւ քննությանը խոչընդոտելու ռիսկ», - ընդգծեց փաստաբանը:

Նախկին պատգամավորների պաշտպանը բողոքարկել է նաեւ այն հանգամանքը, որ նախաքննության ընթացքում կալանավորված պատգամավորները հստակ չեն տեղեկացվել իրենց առաջադրված մեղադրանքի բովանդակության մասին: Ըստ փաստաբանի` խախտվել է նաեւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը. -
«Իմ պաշտպանյալները երկուսն էլ հիվանդ են եղել, եւ հիվանդանոց չպառկեցնելը` առաջին մի քանի ամիսներին նրանց նկատմամբ խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի դրսեւորում է եղել»:

Նախնական կալանքի օրինականությունից բացի, Եվրադատարան ուղարկված գանգատներում առանձին մասով վիճարկվում է նաեւ ինչպես նախկին «7-ի գործով» անցնողների, այնպես էլ քրեական հետապնդումների ենթարկված մյուս ընդդիմադիրների արդար դատաքննության իրավունքի խախտման հանգամանքը:

Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ հետընտրական իրադարձությունների հետեւանքով գրեթե բոլոր ձերբակալվածների գործերով գանգատներն արդեն ուղարկվել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, ընդամենը երեք գանգատ է մնացել:

Կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հետաքրքրվում է նաեւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Ազումանյանի դեմ հարուցված առաջին քրեական գործով:

Մարտիմեկյան իրադարձություններից շուրջ մեկ տարի առաջ` 2007 թվականի մայիսին Ալեքսանդր Արզումանյանը կալանավորվեց փողերի լվացման կասկածանքով, նրան չորս ամիս պահեցին կալանքի տակ, ապա սեպտեմբերի սկզբին Արզումանյանն ազատ արձակվեց` չհեռանալու մասին ստորագրությամբ: Պաշտպանական կողմը բողոքարկել է Արզումանյանին ամիսներ շարունակ «ապօրինի կալանքի տակ պահելու` դատարանի որոշումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG