Մատչելիության հղումներ

logo-print

Այս ամիս Հայաստանում կանցկացվեն 24 գյուղապետերի ընտրություններ, որոնցում ամենաշատ թեկնածուներ ներկայացրել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

24 գյուղերից 11-ում առաջադրվել է մեկական թեկնածու՝ որոնցից 9-ը ՀՀԿ-ականներ են, երկուսը՝ անկուսակցականներ:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքէջի տեղեկատվության, 3 գյուղում որեւէ թեկնածու չի գրանցվել:

Կուսակցությունների ներկայացուցիչները նշում են, որ առավել ակտիվ հետաքրքրություն կդիտվի խորհրդարանական ընտրությունների շեմին սպասվող ավելի քան 800 համայնքների ղեկավարների ընտրությունների ժամանակ:

Որքանո՞վ են, այդուհանդերձ, կարեւոր մայիսին 24 համայքներում անցկացվող ընտրությունները քաղաքական ուժերի համար:

ՀՀԿ-ի քաղխորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե հնարավոր է, որ առաջիկա ընտրություններում Հանրապետականը (որի ներկայացուցիչները ղեկավարում են 915 համայնքներից 565-ը) որոշ տեղերում զիջի «Բարգավաճ Հայաստան»-ին, որն իր հիմնական մրցակիցն էր նախորդ ընտրություններում, պատասխանեց. - «Հանրապետական կուսակցությունը, եթե որոշում է մասնակցել այս կամ այն համայնքի ղեկավարի ընտրություններին, միանշանական տրամադրվածությունը եւ ամբողջ ուղղվածությունը նրան է, որպեսզի հաղթենք»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայումս համայնքապետեր ունի երկրի համայնքների 10 տոկոսում: Մայիսին անցկացվելիք ընտրություններում կուսակցությունը ներկայացված է 3 թեկնածուով:

«Մեր մոտեցումը հետեւյալն է՝ ավելի շատ որակի վրա շեշտը դնել, քան քանակի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջիկա ընտրություններում ունի երկու թեկնածու, բայցեւ, Գերագույն մարմնի անդամ Հրաչ Թադեւոսյանի փոխանցմամբ՝ սատարում է եւս 6 թեկնածուների:

Ըստ ԿԸՀ-ի կայքում զետեղված տեղեկատվության, մայիսին նախատեսված ՏԻՄ ընտրություններին կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցությունը որեւէ թեկնածու չունի: Թեկնածուների չի ներկայացրել նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը:

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ընտրություններին չի մասնակցի, քանի որ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը՝ դրանք «քաղաքական խնդիր չեն լուծում»:

«Մեզ համար շարունակում են առանցքային եւ կարեւորագույն խնդիր մնալ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG