Մատչելիության հղումներ

Մանվել Բադալյանը կրկնում է իր հայտարարությունները


Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյան

Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյան

Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատեց, որ Կառավարության նախորդ նիստում իր հայտարարությունները վերաբերում են իշխող կոալիցիայի բոլոր ուժերին ու նախարարություններին՝ առանց բացառության:

«Ես ցավով նկատում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը գերակա խնդիր է համարում իր կուսակցության անդամներին ներգրավել՝ ոչ այնքան իր ցանկությամբ, այլ իր կուսակցական լիդերների հանձնարարականով», - հայտարարեց Բադալյանը՝ շարունակելով. - «Իհարկե, բարեբախտաբար, այդ կուսակցությունների ներկայացուցիչների մեջ լինում են նաեւ այնպիսիք, ովքեր բարձրակարգ մասնագետներ են եւ նորմալ այդ գործընթացները հանձնում են՝ մրցույթներ, ատեստավորումներ: Ես չեմ կարող ծայրահեղացնել, որ բոլոր ոչ պիտանի, ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ինքը զերձ է նախագահի կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաների ճնշումներից, Բադալյանը արձագանքեց, թե նախարարների կողմից հեռախոսազանգեր եղել են, սակայն իր համար կան նշաձողեր, որոնք «ամենահարազատ մարդու համար անգամ չի իջեցնի»:

Նրա պնդմամբ, նախագահի կողմից ճնշում «երբեւէ չի եղել». - «Եթե երկրի նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչը կարող է չատեստավորվել Քաղաքացիական ծառայություն խորհրդում եւ այդ դահլիճում ազատվել աշխատանքից... Վարչության պետեր, նախարարությունների վարչությունների, բաժինների պետեր, գործակալության պետ: Ատեստավորման նախօրյակին 2002-2003 թվականին 200 մարդ կամովին աշխատանքից ազատվելու դիմում գրեցին եւ գնացին, 250 մարդ կեղծ դիպլոմների, աշխատանքային գրքույկների պատճառով մենք մաքրեցինք այս համակարգից...»:

Մանվել Բադալյանը հավաստիացրեց, որ իր մտահոգություններն ու նախաձեռնությունները «ոչ մեկի հետ համաձայնեցված չեն» եւ «պետք չէ այդտեղ ենթատեքստեր փնտրել»:

Իշխող կոալիցիան կազմող երեք կուսակցությունների ներկայացուցիչները Քաղծառայության խորհրդի նախագահի այսօրվա վերահաստատումից հետո անգամ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում պնդեցին, թե նրա հայտարարությունները ուղղված չեն կոնկրետ իրենց դեմ:
XS
SM
MD
LG