Մատչելիության հղումներ

Թուրքական ընդդիմության առաջնորդը հրաժարական է ներկայացնում


Թուրքական ընդդիմության առաջնորդ Դեմիզ Բալքալը:
Թուրքական ընդդիմության առաջնորդ Դեմիզ Բալքալը:

Թուրքական ընդդիմության 71-ամյա առաջնորդ Դենիզ Բայքալը, ով հայտնվել էր սեքսուալ սկանդալի կիզակետում, երկուշաբթի օրը Անկարայում հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնում Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնից։

Բայքալի շուրջ սկանդալը ծագել էր անցած շաբաթավերջին, երբ ծայրահեղ իսլամիստական ուղղվածության Vakit պարբերականի կայքէջում վեց րոպեանոց մի տեսագրություն տեղադրվեց, որում պատկերված էին Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդն ու նույն կուսակցության կին պատգամավորներից Նեսրին Բայթոքը։ Կայքէջում տեսաերիզը մնացել էր մոտ երկու ժամ։ Հետագայում այն հայտնվեց You Tube վիդեո պորտալում։

Թուրքական մամուլի պնդմամբ, ընդդիմադիր գործչին վարկաբեկող այս տեսաերիզի տարածման հետ իշխանությունները որեւէ առնչություն չունեն։

«Վաթան» օրաթերթի մեկնաբան Զուլֆու Լիվանելին, օրինակ, պնդում է, որ տեսաերիզը թաքնված տեսախցիկների օգնությամբ նկարահանվել է դեռ ութ տարի առաջ` մինչեւ Էրդողանի իշխանության գալը։

«Տեսաերիզի տարածումը մեկ նպատակ ունի` մայիսի 22-ին կայանալիք [Ժողովրդա-հանրապետական] կուսակցական համագումարից առաջ վարկաբեկել Բայքալին», - համոզված է ասում է թուրք լրագրողը՝ շարունակելով. - «Կա'մ կուսակցության ներսում Բայքալի հակառակորդներն են տարածել տեսաերիզը, կա'մ էլ՝ արտերկրում գտնվող ինչ-ինչ ուժեր, որոնց նպատակն է կուսակցության ներսում լուրջ փոփոխություններ իրականցնել»:

Իշխանություններին մոտ կանգնած «Սաբահ» պարբերականի տեղեկություններով, տեսաերիզի տարածման ետեւում հենց Բայքալի կուսակիցներն են։

«Ներկուսակցական ընդդիմության նպատակն էր թուլացնել Բաքյալի դիրքերը առաջիկա համագումարից առաջ` կանխելով նրա գրեթե անխուսափելի թվացող վերնըտնրությունը Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում», - գրում է «Սաբահ»-ը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի հետախուզական ծառայության ղեկավարներին հրահանգել է հետաքննել կատարվածը եւ բացահայտել սկանդալային արտահոսքի հեղինակներին։

Ընդդիմության արդեն նախկին առաջնորդի թիմը համոզված է, որ ծագած սկանդալի ետեւում կանգնած է Ստամբուլի կենտրոնական Շիշլի թաղամասի վարչակազմի ղեկավար, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից մի քանի տարի առաջ հեռացված Մուստաֆա Սարիգյուլը։ Ավելի վաղ Բայքալի կողմնակիցիները հայտարարել էին, որ Սարիգյուլը հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին պատվիրել էր կազմակերպել Բայքալի սպանությունը։

Հարկ է նշել, որ այս սկանդալները բավական ծանր հարված են Ժողովրդա-հանրապետական կուսակցության համար նաեւ այն պատճառով, որ վերջին շրջանում ընդդիմադիր այս կուսակցության վարկանիշը կտրուկ աճ էր արձանագրել` գրեթե հավասարվելով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշին։ Վերջին սոցհարցումները վկայում են, որ արտահերթ ընտրությունների դեպքում Էրդողանի կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել թուրք ընտորղների 28, իսկ Ժողովրդա-հանրապետականի օգտին` 26 տոկոսը։

Առավել հետաքրքրական է, սակայն, թուրքական տպագիր մամուլի արձագանքն ընդդիմադիր գործչի անվան շուրջ ծագած սկանդլաին։ Պարբերականների մեծ մասը, ինչպես, օրինակ, Yeni Safak-ը կամ Zaman-ը շատ քիչ տեղ են հատկացրել սկանդալի լուսաբանմանը` պատճառաբանելով, թե խնդրի շուրջ ավելորդ աղմուկը հենց այն է, ինչին ձգտում էին տեսաերիզը տարածող ուժերը։ Սկանդալային պատմությունների լուսաբանմամբ հայտնի Star օրաթերթը ընդհանրապես հրաժարվել է անդրադառնալ Դենիզ Բայքալի շուրջ ծագած սկանդալին։

«Պարբերականը չի ցանկանում խախտել էթիկային նորմերը», - ասել է Star-ի գլխավոր խմբագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG