Մատչելիության հղումներ

Մայիսի 9-ի երեկոյան Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում աշխատանքի ժամանակ պոկվել է «Թայֆուն» անունը կրող ինքնաշեն կարուսելի 4 տեղանոց սայլակը։ Միջադեպի արդյունքում տուժել են 4 հոգի։ Նրանցից երկուսը երեկ տեղափոխվել են թիվ 3 մանկական հիվանդանոց, ստացել են առաջին բուժօգնություն եւ դուրս գրվել, իսկ երկուսը՝ Մարինե եւ Մենուա Վարդանյանները, այս պահին գտնվում են «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բժշկական կենտրոնի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժնի վարիչ Ռաֆայել Գրիգորյանը հայտնեց, որ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում։

13-ամյա Մենուան պատմում է, որ ամեն ինչ հիշում է, գիտակցությունը չի կորցրել անգամ հարվածից հետո: Քույրը` 35-ամյա Մարինե Վարդանյանը գիտակցության է եկել շտապօգնության մեքենայում:

«Ամենավերեւի հատվածում էր արդեն այդ նստելատեղը՝ պոկվեց, ընկավ ներքեւ։ Ես ուշագնաց եմ եղել այդ ժամանակ, էլ ոչ մի բան չեմ հիշում։ Ես չգիտեմ ո՞վ է մեղավոր, ես հիմա ո՞ւմ մեղադրեմ», - ասաց Մարինե Վարդանյանը։

«Թայֆուն» անունը կրող ինքնաշեն կարուսելը
Դեպքի վայրում գտնվող Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արամ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Տվյալ զվարճահարմարանքը չի գրանցվել արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցամատյանում, չի անցել նախագծային փաստաթղթերի փորձաքննություն եւ մեկ ամսից ավելի է, ինչ շահագործվել է օրենքի կոպիտ խախտմամբ։ Անվտանգ շահագործման համար պատասխանատվություն կրում է ինքը՝ շահագործողը»։

Տվյալ դեպքում շահագործողը` «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի տնօրեն Թորոս Ումրիկյանը պնդում է, թե իրենք ամեն ինչ անում են վթարներից խուսափելու համար:

«Միշտ էլ պատասխանատվություն մենք կրել ենք, եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի սարքին լինի։ Սա տրանսպորտային միջոց է։ Գիտեք, օրական 30-40 հազար մարդ սպասարկելիս մեր քաղաքի տրանսպորտային միջոցները քանի վթարներ են ունենում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ումրիկյանը՝ հավելելով. - «Մենք ունենք ամրագոտիները եւ ապահովության բոլոր միջոցները, որպեսզի կարողանանք խուսափել նման դեպքերի։ Սա երկաթ է, սա մետաղ է, նման դեպքեր միգուցե կարող են լինել։ Պետք է այդ հարցերը ճշտել՝ թյուրիմացությունը պարզելու համար. դա երկաթի մեղքն է, թե ի՞նչ է կատարվել։ Ուղղակի պետք է պարզել»։

Զբոսայգու տնօրինությունը մարտի 26-ին փորձաքննություն եւ ուսումնասիրություն անցկացնելու մասին պայմանագիր է կնքել հավատարմագրված «ՏԵԳ» մասնավոր ընկերության հետ, ժամկետը լրացել է ապրիլի 28-ին, տնօրինությունն առանց ստանալու փորձագիտական եզրակացությունը, շահագործել է ատրակցիոնը:

Դեպքի վայր այցելած Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հրահանգեց ժամանակավորապես դադարեցնել «Հաղթանակ» զբոսայգու բոլոր կարուսելների գործունեությունը` մինչեւ միջադեպի հանգամանքների պարզումը:

Ոստիկանության լրատվության բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացվում։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG