Մատչելիության հղումներ

logo-print

Մայիսի 8-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ամեն անգամ, երբ խոսք է գնում Շուշիի ազատագրման կամ ընդհանրապես Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի մասին, սովորության համաձայն բոլորն ասում են, որ պետք չէ առանձնացնել որեւէ մեկի դերակատարումը, որովհետեւ այդ պատերազմում ազգովի ենք հաղթել: Բայց արի ու տես, որ հետին թվով իմաստուն մտքեր արտահայտելու պրակտիկան այսօր էլ շարունակվում է: Ղարաբաղյան պատերազմի պատմությունն ամենալկտի ձեւով խեղաթյուրելու առաջին լուրջ փորձը, եթե հիշում եք, Ռոբերտ Քոչարյանն իրականացրեց անձամբ: Նա ինչ-որ «անկաշկանդ մթնոլորտում» դատողություններ էր անում այն մասին, որ կոնկրետ Շուշիի ազատագրումից Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել, իրենք դա թաքուն են արել: Բայց ամեն ինչ դրանով չավարտվեց, հիմա մեկ այլ «իմաստուն միտք» է շրջանառության մեջ դրվել: Վերջերս ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներից մեկը տարավ-բերեց, թե եթե 1992-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քիչ խելք ունենար, Նախիջեւանը կազատագրեինք: Այ տնաշեններ, բա Շուշին «թաքուն-թաքուն» ազատագրել էիք` Նախիջեւանն է'լ ազատագրեիք, ինչո՞ւ էիք սպասում Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշմանը»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը ասում է. - «Եթե ադրբեջանական կողմը արտգործնախարարի, փոխարտգործնախարարի կամ նախագահի աշխատակազմի ղեկավարի մակարդակով հայտարարում է, որ ամբողջ միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը, ինչո՞ւ է անընդհատ խոսվում խնդրի ռազմական լուծման մասին։ Եթե կա պատերազմի սպառնալիք, նշանակում է միջազգային հանրությունը հակված չէ բավարարելու Ադրբեջանի հավակնությունները, այսինքն` բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը չի գոհացնում Ադրբեջանին։ Այդ դեպքում Ադրբեջանը կարող է դիմել ռազմական արկածախնդրության, ինչին մենք հակադարձում ենք` ամրապնդելով սեփական պաշտպանական համակարգը, անվտանգության նոր մեխանիզմներ ստեղծելով»:

«Կապիտալ»-ի հետ զրույցում հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ասում է. - «Եթե ռուսական դպրոց է, ուղղվածությունն ավելի շատ լինում է դեպի ռուսական մշակույթը։ Չեմ ասում, որ ռուսական մշակույթը վատն է, սակայն այստեղ կա գաղափարախոսության, աշխարհայացքի հարցը` նույնիսկ անկախ այդ մարդկանց կամքից։ Խնդիրն այն է, որ հայերենը կսկսի դիտարկվել որպես կենցաղային լեզու։ Ինչո՞ւ, որովհետեւ Խորհրդային Միության ժամանակ հայոց լեզուն ստացել է շատ ուժեղ հարված եւ ենթարկվել է խտրականության։ Այսօր դեռ այդ հարվածից ուշքի չեկած, իսկ ուշքի չի եկել, քանի որ անհրաժեշտ քայլեր այս քսան տարվա մեջ չեն արվել, նոր հարված են նախապատրաստում։ Հայերենն այսօր այդ վիճակում չէ եւ չունի այդ հնարավորությունը։ Մրցակցությունը, որի մասին խոսում են հօգուտ հայերենի, չի լինելու։ Հայերենը կվերածվի կենցաղային լեզվի։ Իսկ կորցնելով լեզուն` կորցնում ենք նաեւ մեզ։ Եկեք այսօր ամրացնենք հայերենը, ընդունենք ծրագիր եւ հետո դուրս գանք մրցակցային դաշտ»։

«168 ժամ»-ը զրուցել է մարտիմեկյան իրադարձությունները ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ: Նա ասում է. - «Իմ գնահատականով, այս պահի դրությամբ, Հատուկ քննչական ծառայությունը ունի լուրջ խոչընդոտներ լիարժեք բացահայտումներ իրականացնելու համար: Մինչեւ այդ խնդիրները չդրվեն մի կողմ, այսօրվա իշխանությունները Մարտի 1-ի լիարժեք բացահայտումներ չեն իրականացնի, որովհետեւ այն կարող է բերել այնպիսի հարցերի պատասխանների, որոնք ցանկալի չեն շատ իշխանավորների համար, սկսած Ռոբերտ Քոչարյանից»: Լրագրողը հիշեցնում է. - «Արդեն պետք է որ հրապարակված լիներ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Ձեր եւ «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի պատրաստած 5-րդ զեկույցը»: Պատասխան. - «Ի հայտ եկան նոր հանգամանքներ, որ նախկինում մեր տրամադրության տակ չեն եղել: Այդ պատճառով էլ այն հաջորդ շաբաթվա սկզբում հատվածային տեսքով կներկայացնենք հանրության դատին: Այն վերաբերում է մասնավորապես մարտիմեկյան դեպքերին կոնկրետ ուժային համակարգը ներկայացնող կառույցների մասնակցության փաստին»: «Մեզ համար շատ կարեւոր է բացահայտել Մարտի 1-ը ամբողջությամբ, որպեսզի ապագայում երբեւիցե սխալ որոշումների արդյունքում մարդիկ չմահանան: Իսկ քաղաքական զարգացումների մեջ ուժային համակարգի ներգրավվածությունները լինեն միայն օրենքի սահմաններում եւ ունենան կոնկրետ պատասխանատուներ», - ասել է Անդրանիկ Քոչարյանը:

«Առավոտ»-ի հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ասում է. - «Ցավոք սրտի, Հայաստանի ոստիկանությունը ՀՀ անկախության այս ողջ շրջանում այդպես էլ չդարձավ հայաստանյան ոստիկանություն, այլ շարունակեց մնալ սովետական միլիցիա` այստեղից բխող ողջ բացասականով: Այսօր այդ համակարգը ծառայում է ոչ թե պետությանն ու ժողովրդին, այլ գործող իշխանավորին: Ըստ էության այն վերածվել է իշխանավորի ձեռքի կույր մահակի, որը հասարակական կարգի պահպանման եւ հանցավորության դեմ պայքարի իր հիմնական գործառույթներն իրականացնելու փոխարեն զբաղված է քաղաքական հետապնդումների իրականացմամբ: Այստեղից էլ` ոստիկանության գլխում ծագած սեփական անպատժելիության գաղափարը: Նա մտածում է` եթե ես անվերապահորեն ծառայում եմ իշխանավորին, ուրեմն նա ինձ պարտավոր է պաշտպանել, ես օրենքից դուրս եմ, ու ինձ ամեն ինչ կարելի է: Իսկ սեփական անպատժելիության մտքից մինչեւ մարդասպանություն մեկ քայլ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG