Մատչելիության հղումներ

Օրերս Երեւանում գումարված ՀՅ Դաշնակցության Բյուրոյի հերթական լիագումար նիստում ամփոփվել ու գնահատվել է անցյալ եռամսյակում կատարված աշխատանքը։

Ըստ կուսակցության մամլո դիվանի տարածած հաղորդագրության, առաջիկա անելիքների առումով քննարկվել են «Հայաստանի սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակը, երկրի ժողովրդավարացման, բարոյահոգեբանական մթնոլորտի չլուծվող հարցերը, հայության տարբեր հատվածների միջեւ բաժանարար գծեր քաշելու ներքին ու արտաքին փորձերը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Արցախի հիմնախնդրի կարգավորման ներկա հանգրվանները»։

Հատուկ շեշտվել է «կուսակցական կառույցի համահայաստանյան աշխուժացման, հստակ նախաձեռնություններով ասպարեզ գալու անհրաժեշտությունը»։

«Գնահատելով հանդերձ Հանրապետության նախագահի վերջին ելույթները, ապրիլի 22-ի ուղերձը եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների գործընթացը կասեցնելու որոշումը` միաժամանակ արձանագրվեց, որ մեր ազգային-պետական շահերին սպառնացող վտանգները դեռեւս ամբողջովին չեզոքացված չեն, ուրեմն եւ խոսք չի կարող լինել պայքարը դադարեցնելու մասին, քանի դեռ Հայաստանի ստորագրությունը առկա է արձանագրությունների տակ», - ասված է հաղորդագրությունում. - «Ընդհակառակը` շատ ավելի մեծ համախմբվածություն է անհրաժեշտ Արցախյան հարցում զիջումները բացառելու, համազգային նպատակների շուրջ հայությունը կազմակերպելու, ներքին կյանքում արմատական բարեփոխումներ իրագործելու համար»։

Նշվում է նաեւ, որ հատուկ ընդգծվել է «հայության տարբեր շրջանակների հետ առանձին աշխատելու եւ այդ կերպ Սփյուռքը պառակտելու Թուրքիայի նոր մարտավարությանը հակազդելու կարեւորությունը». - «Խնդիր դրվեց հնարավոր բոլոր միջոցներով ձախողել հայության որեւէ հատված հերթական ծուղակի մեջ ներքաշելու թուրքական բոլոր փորձերը»։

Օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ, տրվել են հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG